Կոլինան հերքել է Հայաստանից ապօրինի ճանապարհով երեխա որդեգրելու մասին լուրերը

Armenpress 12:09, 7 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖԻՖԱ-ի մրցավարական կոմիտեի նախագահ Պյեռլուիջի Կոլինան հերքել է լուրերն այն մասին, որ նա Հայաստանում ապօրինի ճանապարհով երեխա է որդեգրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Կոլինան ասել է իտալական ANSA գործակալությանը:

«Ապշեցի՝ կարդալով, որ տեղեկություններ կան, թե ես ապօրինի ձևով հայ երեխայի եմ որդեգրել: Հարգում եմ այն անձանց, ովքեր օրինական ճանապարհով երեխա են որդեգրում, սակայն իմ կինն ու ես երբեք չենք մտածել այդ մասին»,- նշել է իտալացի հայտնի մրցավարը: Նա անհավատալի է համարել այն, որ իր անունը կարող է կապված լինել ապօրինի որդեգրման գործով հետաքննության հետ:

Ավելի վաղ հայտարարություն էր տարածել նաև ՀՀ արդարադատության նախարարությունը՝ հերքելով լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը Կոլինայի՝ Հայաստանից հանցավոր ճանապարհով երեխա որդեգրելու մասին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am