Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի հետ

Armenpress 10:53, 7 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարական 26-րդ համաժողովի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 6-ին հանդիպում ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Անդրադարձ կատարելով երկկողմ համագործակցության ընդարձակ օրակարգին՝ Զոհրաբ Մնացականյանը և Ֆիլիպ Ռիքերը մտքեր փոխանակեցին հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին և ձեռնարկվելիք առաջիկա քայլերին։ 

Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարը բարձր գնահատեց ամերիկյան կողմի շարունակական աջակցությունը մի շարք ծրագրերին և նախաձեռնություններին:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով գործող տեղակալը մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ նախարարական համաժողովի օրակարգային հարցերի շուրջ։ 

Զրուցակիցներն անդրադաձան նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի։ 

Զոհրաբ Մնացականյանը և Ֆիլիպ Ռիքերը կարծիքներ փոխանակեցին Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ դեկտեմբերի 4-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպման և դրանից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարության շուրջ։ Այդ համատեքստում զրուցակիցները կարևորեցին խաղաղության նպաստավոր միջավայրի ձևավորումը՝ հրադադարի ռեժիմի պահպանման և ամրապնդման, ինչպես նաև ժողովուրդների խաղաղության նախապատրաստման վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման միջոցով: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am