Բրատիսլավայի հանդիպումը և բանակցային գործընթացում արձանագրված արդյունքները

Armenpress 10:10, 6 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում դեկտեմբերի 4-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ:

Ի սկզբանե հանդիպումից մեծ ակնկալիքներ չկային՝ հաշվի առնելով Ադրբեջանի առավելապաշտական և ոչ կառուցողական դիրքորոշումը, ինչպես նաև հանդիպումից առաջ Ադրբեջանի ԱԳ նախարարի սադրիչ հայտարարությունները և ԵԱՀԿ-ում Ադրբեջանական պատվիրակության կողմից փաստաթղթի շրջանառումը, որն իր բովանդակությամբ և ձևակերպումներով բավական խնդրահարույց էր:

Հաշվի առնելով այս բացասական ֆոնը՝ բնականաբար, հանդիպման շրջանակներում հնարավոր չէր որևէ բովանդակային քննարկում ակնկալել: Ավելին, հայկական կողմը հստակ արձանագրել է, որ կարգավորման բովանդակային հարցերի շուրջ բանակցություններում Արցախի իշխանությունների ուղիղ ներգրավումն անհրաժեշտություն է:

Հայկական կողմը հանդիպման ընթացքում կարևորել է նաև հրադադարի ամրապնդման, վստահության ամրապնդման միջոցառումների իրականացումը: Վերջին շրջանում արձանագրված սահմանային միջադեպերը, թերևս, ընդգծում են հրադադարի ամրապնդման և ընդհանրապես ռիսկերի նվազեցման մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը: Ինչ վերաբերում է բանակցային գործընթացի համար նպաստավոր միջավայրի ձևավորման գործընթացին, ապա, ամենայն հավանականությամբ, քննարկման հիմնական առարկան եղել է Հայաստանից, Արցախից և Ադրբեջանից լրագրողների փոխայցելության ծրագիրը, որի շարունակականությունը դեռ պետք է համաձայնեցնել:

Հանդիպումից հետո, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները հանդես են եկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ համատեղ հայտարարությամբ: Հատկանշական է, որ հայտարարությունը հնգակողմ չէ, չնայած հանդիպումից առաջ Ադրբեջանի ԱԳ նախարարը նման ակնկալիք էր հայտնել:

Հայտարարությունն, ըստ էության, միտված է ամփոփել 2019թ. բանակցային գործընթացը՝ արձանագրելով հիմնական արդյունքները և ուրվագծելով գործընթացի հետագա ուղենիշերը: Հայտարարության մեջ կարևորվում են այնպիսի արդյունքներ, ինչպիսիք են բռնության հարաբերական ցածր մակարդակը, լարվածության սրման վտանգը նվազեցնելու նպատակով օպերատիվ կապի ուղիների կիրառումը, լարվածության նվազեցմանը և բնակչությանը խաղաղության նախապատրաստմանն ուղղված քայլերը, մարդասիրական միջոցառումները (լրագրողների փոխայցեր, բանտարկյալների համաժամանակյա ազատ արձակումը):

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարներն իրենց հայտարարության մեջ շեշտում են նաև նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, մասնավորապես՝ աջակցել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ անհետ կորած մարդկանց մասին տեղեկությունները փոխանակելու հարցում (Փարիզ, 2014թ.), ինչպես նաև ընդլայնել ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի մոնիթորինգային առաքելությունը (2016թ.):

Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորման սկզբունքներին՝ պատվիրակությունների ղեկավարները վերահաստատել են, որ արդար և երկարատև կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտի 3 հիմնարար սկզբունքների, մասնավորապես՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման և իրավահավասարության սկզբունքների վրա՝ վկայակոչելով համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների և Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների՝ 2009թ. Աթենքում նախարարական խորհրդի հանդիպման ավարտին արված համատեղ հայտարարությունը: (hատկանշական է, այդ հայտարարությունը ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում արված առաջին հայտարարությունն է, որտեղ նշվում է երեք հիմնարար սկզբունքների մասին): Այն պետք է ներառի նաև հավելյալ կետեր, որոնք առաջարկվել են համանախագահող երկրների նախագահների կողմից 2009-2012թթ.: Ըստ էության, համանախագահ երկրները հակամարտության կարգավորման հիմքում շարունակում են տեսնել Մադրիդյան սկզբունքները՝ հնարավոր վերափոխումներով, որոնք արդեն պետք է վերջնական տեսքի բերեն և համաձայնեցնեն բանակցող կողմերը:

Պատվիրակությունների ղեկավարները ընդգծել են նաև, որ ստատուս-քվոն անընդունելի է, և հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ: Նրանք կոչ են անում կողմերին՝ բարեխիղճ առարկայական բանակցություններ վարել՝ առանց հետաձգումների կամ պայմանների: Համանախագահների այս մոտեցումը նորություն չէ, իսկ ընտրված բառակազմը հավասարակշռված է և պարունակում է ակնարկներ՝ ուղղված բոլոր կողմերին:

Ամփոփելով նշենք, որ Բրատիսլավայում կայացած հանդիպումից ի սկզբանե մեծ ակնկալիքներ չկային, ինչը պայմանավորված էր մի շարք օբյեկտիվ գործոններով, և առաջին հերթին՝ Ադրբեջանի ոչ կառուցողական գործելաոճով: Սակայն, եթե  բանակցային գործընթացը դիտարկենք ողջ տարվա կտրվածքով, ապա ակնհայտ է, որ տարբեր ուղղություններով արձանագրվել են թեև համեստ, սակայն որոշակի արդյունքներ, որոնք արձանագրված են նաև  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարության մեջ: Ինչ վերաբերում է բովանդակային բանակցություններին, այս ոլորտում, ցավոք, էական առաջընթաց հնարավոր չի եղել արձանագրել նախևառաջ Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշման պատճառով:

Նարեկ Մինասյան

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am