1000х90.jpg (78 KB)

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացել է ՀՀ Վարչապետի կոչին

Armenpress 15:59, 4 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցության բոլոր պատգամավորները որոշել են մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին ամսական 10.000 ՀՀ դրամ սեփական աշխատավարձից տրամադրելու համահայկական ակցիային: 

Այս մասին  ասել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արպատ Ավանեսյանը՝ նշելով, որ նման որոշում կայացվել է խմբակցության՝ այսօր տեղի ունեցած նիստում:
 
«Անուրանալի է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դերը Արցախի կյանքում: Մենք ամեն տարի մեր համեստ մասնակցությունն ենք ունենում դրամահավաքին, բայց վերջին տարիներին տպավորություն կա, որ հետաքրքրությունը գնալով նվազում է: Սա անընդունելի է, քանի որ հայրենիքը մեր բոլորիս աջակցության կարիքը դեռևս զգում է ու միշտ զգալու է, կարևոր չէ՝ երբ, ինչպես: Այս առումով մեզ ևս ոգևորել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը, որ յուրաքանչյուր հայ ամենամսյա սկզբունքով իր բաժին մասնակցությունը ունենա: Մեր խմբակցության բոլոր 16 պատգամավորները ևս որոշել են միանալ այդ համազգային ակցիային: Ի դեպ, քանի որ ամսի հետո կավարտվեն Խորհրդարանի լիազորությունները, ավագ գործընկերոջ իրավունքով խնդրել եմ բոլորին չսահմանափակվել նշված ժամկետով»,- նշել է Ա. Ավանեսյանը:
 
Պատգամավորը նաև կոչով դիմեց համայն հայությանը՝ նշելով, որ եթե այս ակցիայի սկզբունքներից է մարտահրավեր ուղարկել ևս մի քանի ընկերների, «Հայրենիք» խմբակցության անունից մարտահրավերն ուղարկվում է բոլորին:
 
«Որպեսզի հետո ոչ մի հայ իր չմասնակցելու հանգամանքը չպայմանավորի, որ իրեն մարտահրավեր ուղարկող չի եղել,- ժպտալով ասում է պատգամավորը և շարունակում,- այն նաև լավ հնարավորություն է, որպեսզի ազգային տուրքը, որպես գաղափար, կյանքի կոչվի: Մենք այդ մասին երկար տարիներ խոսում ենք, բայց այդպես էլ չենք անում»,- նշել է Ավանեսյանը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am