1000х90.jpg (78 KB)

ՀՀ և ԱՀ ԱԳ նախարարներն անհրաժեշտ են համարում Արցախի ներգրավվածությունը խաղաղ գործընթացին

Armenpress 20:09, 3 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 3-ին հանդիպել է Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մասիս Մայիլյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ «Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկվեցին Բրատիսլավայի համաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո կայանալիք հանդիպմանն ընդառաջ Հայաստանի և Արցախի ակնկալիքներն ու առաջնայնությունները: 

Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է նման ձևաչափով պարբերական հանդիպումների անցկացման կարևորությունը՝ նշելով, որ այն լավ հնարավորություն է ընձեռում հանգամանալից մտքեր փոխանակելու Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորմանն ուղղված քայլերի և հեռանկարների շուրջ։ 

«Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառության իրականացման համատեքստում ընդգծվեց Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի ԶԼՄ ներկայացուցիչների միջև իրականացված փոխանակման ծրագրի անցկացումը: 

Նախարար Մնացականյանը վերահաստատեց հրադադարի ամրապնդման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը՝ շփման գծում միջադեպերի կանխման նպատակով:

Երկուստեք ընդգծվեց Արցախի ժողովրդի մանդատը վայելող իշխանությունների լիարժեք ներգրավվածության անհրաժեշտությունը խաղաղ գործընթացին, հատկապես կարգավորման բովանդակային հարցերի շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am