ՀՀ ՊՆ-ում քննարկում է անցկացվել ռազմական համալսարանի իգական սեռի կուրսանտների հետ
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համագործակցության 2019թ. ծրագրի շրջանակներում նոյեմբերի 29-ին թիրախային խմբային քննարկում է անցկացվել ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի իգական սեռի կուրսանտների հետ: Հանդիպմանը ներկա էին ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի ներկայացուցիչներ, փորձագետներ, ռազմական համալսարանի դասախոսներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկման նպատակն էր գնահատել կուրսանտների ակնկալիքներն ու պատկերացումներն ապագա զինվորական ծառայության մասին, պարզել նրանց տեսակետը կին զինծառայողների համար հավասար հնարավորությունների ապահովման և ծառայողական առաջխաղացման խոչընդոտների վերաբերյալ:
Անցկացված քննարկումն ընթացիկ տարում երկրորդն էր՝ միտված պաշտպանական համակարգում կանանց իրավունքների պաշտպանության ու հավասար հնարավորությունների ապահովման մշակույթի ձևավորմանը, դրա պաշտպանության մշտադիտարկման մեխանիզմների ներդրման խնդիրների քննարկմանը: