ԱԺ-ն քննարկում է դատական կարգադրիչներին հավելավճար տալու մասին օրենքի նախագիծը

Armenpress 15:58, 3 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է ԱԺ պատգամավորներ Արթուր Դավթյանի, Վլադիմիր Վարդանյանի և Նազելի Բաղդասարյանի հեղինակած «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 3-ի խորհրդարանի նիստում նախագիծը ներկայացրեց պատգամավոր Արթուր Դավթյանը:

«Այս նախագծով արդարությունը վերականգնելու փորձ է արվում: Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց շրջանակում հավելավճար տրվում է բոլորին, բայց դատական կարգադրիչներն այդ ցանկում չկան: Փոփոխությունը վերաբերում է նրան, որ այդ հոդվածում ներառվեն նաև դատական կարգադրիչները: Խրախուսում ընդհանրապես նրանց մոտ չի լինում»,-ասաց Դավթյանը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկել է նախագծով քննարկվող օրենքի գործող հոդվածը թողնել անփոփոխ:

Նոյեմբերի 28-ին «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am