1000х90.jpg (78 KB)

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է միայնակ կենսաթոշակառուներին առնչվող օրինագիծը

Armenpress 15:53, 3 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է «Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 3-ի Ազգային ժողովի նիստում այն ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը, նշելով, որ առաջին ընթերցմամբ օրենքի նախագծի ընդունումից հետո այն կարևոր փոփոխության է ենթարկվել:

«Նախագծի անվանումից երևում է, թե առաջին ընթերցմամբ դրա ընդունումից հետո ինչ որոշակի փոփոխություն է տեղի ունեցել, որը լայնացնում է շահառուների շրջանակը: Եթե գործող օրենքի վերնագրում նշվում էր՝ «Հայաստանի Հանրապետությունում պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում…», այժմ այդ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարանները կարող են լինել նաև ոչ պետական աջակցությամբ, և կան այդպիսի բնակարաններ: Տարբեր կազմակերպություններում բնակվում են միայնակ կենսաթոշակառուներ, որոնք նույն կարգավիճակում են, և այս փոփոխությամբ մենք հավասարեցնում ենք այդ կարգավիճակները, և թույլ ենք տալիս նաև, որ այն կենսաթոշակառուները, որոնք ոչ պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում են բնակվում, ևս օգտվեն ջրի, գազի և լույսի փոխհատուցումից»,-ասաց Գասպարյանը:

Նա նշեց, որ այս փոփոխությամբ ընդունման դեպքում ևս 17-18 շահառուներ կօգտվեն կոմունալ ծախսերի փոխհատուցումից:

Յուրաքանչյուր տարվա համար սոցիալական աջակցության չափը սահմանում է ՀՀ կառավարությունը, իսկ սույն օրենքի ընդունումից հետո կառավարության կողմից կհաստատվեն սոցիալական աջակցության տրամադրման կարգը և պայմանները:

Ըստ նախնական հաշվարկների (հիմք է  ընդունվել նրանց վերջին երկու տարվա ընթացքում սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի և ջրի  դիմաց վճարված միջինացված ցուցանիշը), յուրաքանչյուր միայնակ կենսաթոշակառու ամսական վճարում է միջին հաշվով 12 000 դրամ  (երեք ծառայության համար միասին), այսինքն` տարեկան 144 000 դրամ, որը ամբողջությամբ փոխհատուցելու դեպքում մեկ բնակչի հաշվարկով տարեկան կպահանջվի 144 հազ. դրամ, իսկ 59 բնակչի հաշվարկով տարեկան 8 496 000 դրամ: Օրինագծի ընդունման դեպքում, սոցիալական տան բնակիչներից յուրաքանչյուրը տարեկան կտնտեսի 144 000 դրամ, որը կկարողանա ծախսել իր կենսականորեն անհրաժեշտ կարիքները հոգալու համար:

Օրենքի նախագիծն Ազգային ժողովի նոյեմբերի 19-ի նիստում ընդունվել է միաձայն՝ 90 կողմ ձայնով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am