ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը

Armenpress 15:23, 3 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 3-ի Ազգային ժողովի նիստում այն ներկայացրեց Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը:

Նախագծով առաջարկվում է ամրագրել լիազորող նորմ, ինչը հնարավորություն կտա համապատասխան տեսչական մարմնին սահմանի անցման կետերում վերահսկողություն իրականացնել, և կվերանա օրենսդրական բացը, կապահովվի օրենքում օգտագործվող տերմինները միատեսակ կիրառումը: Ներկայումս գործող օրենսդրության համաձայն` սահմանի անցման կետերում իրավասու մարմինների կողմից արտակարգ իրավիճակ առաջացնող դեպքերի տարածման կանխարգելման և դրանց դեմ պայքարի նպատակով Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատող անձանց և բեռների, ապրանքների, ուղեբեռների, փոստային ծանրոցների, մարդկանց դիակների, կոնտեյներների և տրանսպորտային միջոցների նկատմամբ օրենքով սահմանված կարգով իրականացվում են վերահսկողության և, անհրաժեշտության դեպքում, առողջապահական միջոցառումներ:

Նշված լիազորությունը նախկինում իրականացվում էր ԱՆ առողջապահության պետական տեսչության կողմից: Ներկա իրավիճակում վերահսկողական ֆունկցիան վերապահված է տեսչական մարմիններին, սակայն Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին  որևէ օրենքով սահմանի անցման կետերում վերահսկողություն իրականացնելու լիազորություն չի վերապահվել: Հետևաբար, նշված լիազորության օրենսդրորեն ամրագրելու անհրաժեշտություն է առաջացել, ինչը հնարավորություն կտա նշված տեսչական մարմնին իրականացնել համապատասխան վերահսկողություն` առաջնորդվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի դրույթով և հիմք ընդունելով առաջարկվող նախագծով ամրագրվող նորմը:

Օրենքի նախագիծն Ազգային ժողովի նոյեմբերի 19-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունվել է միաձայն՝ 90 կողմ ձայնով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am