1000х90.jpg (78 KB)

Վարչապետին դիմած 10-ամյա Սամվելի խնդրանքն իրականություն դարձավ. Սիս գյուղի ճանապարհնը բարեկարգվեց

Armenpress 14:52, 3 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Սիս գյուղի բնակիչ 10-ամյա Սամվել Հովհաննիսյանի խնդրանքը ՀՀ վարչապետին իրականություն դարձավ: Ամիսներ առաջ նրա բարձրացրած ճանապարհի հարցը լուծվեց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզ կատարած այցելության ընթացքում ծանոթացավ իրականացված աշխատանքներին: Լրագրողների հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց ամիսներ առաջ ճանապարհների հարցով վարչապետին դիմած 10-ամյա Սամվելը: 

«Մենք հիմա ճանապարհ ունենք, հետո գյուղապետի հետ գյուղի բյուջեով մեր երազած գյուղն ենք ստեղծելու: Այս ճանապարհի հարցը բարձրացրեցի, որովհետև գլոբալ հարց էր գյուղի համար, դրա համար էլ դիմեցինք հարգելի պարոն Փաշինյանին ու տեսնում ենք արդյունքը: Ախր, այդ ճանապարհն այնքան մեծ խնդիր էր, գյուղացիները միշտ խոսում էին, ասում էին այդ մասին, ես էլ մեծերից սովորեցի: Հիմա էլ ուրիշ բան չեմ խնդրելու վարչապետից, մնացածը մենք ենք անելու: Շատ պլաններ ունենք, արդեն եկեղեցու հատակագիծը կա: Ես հետևում եմ մեր համայնքի էջին էլ, համայնքապետի աշխատանքին էլ»,-նշեց Սամվելը:

Ընթացիկ տարվա սկզբին համացանցում տեսանյութ էր շրջանառվում, որտեղ գյուղի երեխաները, հատկապես Սամվելը պատմում էին գյուղի խնդիրների մասին: Նրանք խոսել էին ճանապարհների մասին, որոնք անմխիթար վիճակում են եղել: Մայիսի վերջին կայացած կառավարության նիստում ՀՀ վարչապետը հետաքրքրվել էր Սիս համայնքի ճանապարհների հարցով։ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշել էր, որ այն շուտով կասֆալտապատվի:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am