1000х90.jpg (78 KB)

ԱՄՆ կառավարությունը սատարում է Հայաստանի ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումներին

Armenpress 18:18, 2 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Հանդիպմանը ներկա էին նաև ԱՄՆ փոխդեսպան Քրիստոֆեր Սմիթը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը Հայաստանում նախաձեռնված բարեփոխումների իրականացման գործում ցուցաբերած աջակցության համար: Փոխվարչապետը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ-ի հետ կառուցողական մթնոլորտում ստեղծված համագործակցությունը՝ նշելով ծրագրերի շրջանակներում փորձագիտական ներուժի կիրառման կարևորությունը Հայաստանի ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացում: ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է. «Միացյալ Նահանգների կառավարությունը սատարում է Հայաստանի ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումներին և հակակոռուպցիոն օրակարգին։ ԱՄՆ աջակցության այս տարվա 40% ավելացմամբ՝ մենք պատրաստ ենք օգնել այն ծրագրերի իրականացմանը, որոնք բխում են բարեփոխումների մասով Հայաստանի կառավարության սահմանած առաջնահերթություններից»։ Զրուցակիցները հանդիպման ընթացքում քննարկել են հատկապես արդարադատության և ոստիկանության ոլորտներում ակնկալվող բարեփոխումները, անդրադարձել առկա խնդիրներին և նյութատեխնիկական հագեցվածության հետ մեկտեղ գաղափարական բարեփոխումների անհրաժեշտությանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am