1000х90.jpg (78 KB)

Շարունակելու ենք հետևել. Մնացականյանը՝ թուրքական գաղտնի փաստաթղթերի հրապարակման մասին

Armenpress 17:33, 2 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կարևոր է համարում, որ Թուրքիան արձագանքի թուրքական զինուժի գլխավոր շտաբի փաստաթղթերի արտահոսքին, որով բացահայտվում են Հայաստանի նկատմամբ Անկարայի ռազմաքաղաքական ղեկավարությանը վերագրվող ծրագրի անվանումն ու մանրամասները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մնացականյանը նման տեսակետ հայտնեց լրագրողի հարցին ի պատասխան:

«Անկեղծ ասած, չեմ կարող հաստատել կամ հերքել այդ հրապարակման իսկությունը: Եթե այդպիսի հարց կամ պնդում կա, ապա առաջին հերթին դա պետք է անի թուրքական կողմը: Եվ իրենցից դեռ որևէ արձագանք չենք լսել: Կարիք չունեմ ասելու, որ, բնականաբար, հարցը պարունակում է լուրջ մտահոգություն, և մենք շարունակելու ենք դրան հետևել»,-ասաց նախարարը:

Նա շեշտեց ՝առաջին արձագանքը պետք է գա Թուրքիայից:

 «Nordic Monitor» կայքը գաղտնի նյութեր էր հրապարակել, որոնցում անդրադարձ կար Հայաստանին հարված հասցնելու Թուրքիայի ծրագրերին: Փաստաթուղթը հրապարակած «Nordic Monitor»-ի հոդվածագիր Աբդուլլահ Բոզքուրթն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ հավատում է իր հրապարակած փաստաթղթի իսկությանը: Թուրքիայի ռազմական տեսուչներն Անկարայի Աքընջըի ավիաբազայի հրամանատարության կողմից վերահսկվող փաստաթղթերի բյուրոյում պլանների ուսումնասիրություն անցկացնելիս պարզել են, որ պլանի որոշ էջեր անհետացել են: Սկսվել է հետաքննություն ՝ պարզելու, թե ինչպես են նշված փաստաթղթերն անհետացել: Գլխավոր շտաբին էջերի անհետ կորելու մասին զեկուցագիրը ներկայացվել է 2016 թվականի մայիսի 23-ին: Եվ հենց այդ արտահոսքի զեկուցագիրն էր, որ բացահայտել է գործողության անվանումը՝ «ALTAY»: «Գաղտնի պլանը վերջնական տեսքի է բերվել 2001 թվականի հուլիսի 13-ին: Այն պատրաստվել է մարտավարական օդուժի 2-րդ հրամանատարության կողմից, որպես «OĞUZTÜRK» կոչվող օդային հարձակողական պլանի մաս: Զեկուցագրում նշվում է, որ գործողությունների ծրագիրը դեռևս վավեր է, և ընդգծվում է, որ էջերի կորուստը բացասական ազդեցություն չի ունենա ALTAY օպերացիայի վրա», - գրել է Աբդուլլահ Բոզքուրթը «Nordic Monitor»-ում: Հրապարակումը միջազգային լայն արձագանք է գտել: Հունական ԶԼՄ-ները «սենսացիոն» են որակել այն: «Այս բացահայտումը, ինչպես նաև այլ տեղեկություններ Աթենքի որոշ շրջանակների հիմք են տվել մտածելու, որ Հայաստանը Սիրիայից հետո կլիներ Թուրքիայի հաջորդ թիրախը»,-գրում են հունական լրատվամիջոցները:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am