ՀՀ կառավարությունը գիտության ֆինանսավորումը ավելացնելու է 1 մլրդ 351 մլն դրամով

Armenpress 15:38, 30 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարությունը 1 մլրդ 351 մլն դրամով ավելացնելու է գիտությանը տրամադրվող գումարները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Հաշվի առնելով Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանի հետ վերջին շրջանի մի շարք աշխատանքային քննարկումները, ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի ու Հովհաննես Հովհաննիսյանի առաջարկները, ինչպես նաև գիտական հանրույթի դիմումները, կառավարությունը կավելացնի գիտությանը տրամադրվող գումարները: Այսպես, 2020թ․ բյուջեից հավելյալ ֆինանսավորման ներգրավման, ինչպես նաև նախարարությանը հատկացվելիք միջոցների վերաբաշխման ճանապարհով գիտության ֆինանսավորումը ավելանալու է 1 մլրդ 351 մլն դրամով»,- ասվում է Ավինյանի ֆեյսբուքյան գրառման մեջ: Փոխվարչապետը նշել է, որ լրացուցիչ միջոցները հիմնականում կուղղվեն արհեստական բանականության ու տվյալագիտության, կենսատեխնոլոգիաների, ռոբոտատեխնիկայի ոլորտներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am