1000х90.jpg (78 KB)

«Նոա» ֆուտբոլային ակումբը ևս հայտարարություն է արել ՀՖՖ նախագահի ընտրության վերաբերյալ

Armenpress 13:47, 29 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նոա» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի և գործկոմի նախագահի առաջիկա ընտրության վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Մենք ևս համարում ենք, որ այսօր Հայաստանի ֆուտբոլային համայնքին ընձեռվել է ի շահ հայկական ֆուտբոլի գործող իրապես անկախ, այսօր այդքան անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու պատրաստակամ և ունակ պրոֆեսիոնալ ֆուտբոլային ղեկավար կառույց ձևավորելու բացառիկ հնարավորություն, որը բաց թողնելու իրավունք պարզապես չունենք:

ՀՖՖ նոր նախագահի և Գործադիր կոմիտեի անդամների ընտրություններից առաջ անհրաժեշտ է մաքրել ֆեդերացիայի կազմը կեղծ կազմակերպություններից և սկսել առողջացման գործընթացը: Հայկական ֆուտբոլին վերաբերող կարևորագույն որոշումների կայացմանը պետք է մասնակցեն բացառապես ՀՖՖ կանոնադրության պահանջներին լիովին համապատասխանող, ակտիվ ֆուտբոլային գործունեություն ծավալող և ֆուտբոլային հանրության կողմից ընդունված անձինք և կազմակերպությունները։

Նման գործընթացը միայն կարող է ապահովել արդար, թափանցիկ և ֆուտբոլային հանրության վստահությունը վայելող ընտրություններ։ Մեր խորին համոզմամբ՝ վստահության վերականգնումը առաջընթացի և հայկական ֆուտբոլում իրական բարեփոխումների գրավականն է»:

Այս օրերին հայտարարությամբ ՀՖՖ նախագահի և գործկոմի ընտրությանն անդրադարձել էին հայկական մի շարք այլ ակումբներ:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն օրեր առաջ հրաժարական տվեց նախագահի պաշտոնից, իսկ դեկտեմբերի 23-ին կլուծարվի նաև ՀՖՖ ներկայիս գործկոմը: Նույն օրը կընտրվի ՀՖՖ նոր նախագահ և գործկոմ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am