Մեծ շուքով նշվել է Ամստերդամի «Սուրբ Հոգի» հայոց եկեղեցու վերաբացման 30-ամյակը

Armenpress 19:09, 26 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների հայ համայնքը նոյեմբերի 24-ին նշել է Ամստերդամի «Սուրբ Հոգի» Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վերաբացման 30-ամյակը՝ նախագահությամբ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ և Վատիկանում՝ Հռոմի Սուրբ Աթոռում Հայաստանյայց եկեղեցու ներկայացուցիչ Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանի: Պատարագին ներկա են եղել Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ  արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը և բազմաթիվ հավատացյալ հայորդիներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ռումինիայի Հայոց Թեմի մամուլի դիվանի պատասխանատու Տեր Օշական քահանա Խաչատրյանը։

«Այս ուրախ առիթով «Սուրբ Հոգի» եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան Արքեպս. Տերտերյանը, առընթերականությամ՝ եկեղեցվույս հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տարոն քահանա Թադևոսյանի: Հովնան Սրբազանը Ամստերդամ էր եկել հատուկ առաքելությամբ: Ինչպես հայտնի է Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգության համար դրամահավաքներ են կազմակերպվում բոլոր հայաշատ երկրներում և այդ աշխատանքները համակարգելու համար Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հաստատվել է աշխատանքային խումբ՝ Գերաշնորհ Տեր Հովնան Արքեպս․ Տերտերյանի գլխավորությամբ։ Իր առաքելության մասին Սրբազան Հայրը պատմեց պատարագին ներկա հավատացյալներին՝ իրենց ևս մեկ անգամ հիշեցնելով մեր ժողովրդի կյանքում ունեցած Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի կարևոր դերի և առաքելության մասին:

Հավարտ պատարագի Խաժակ Սրբազանի ձեռամբ օծվեցին եկեղեցու խորանի երեք նոր սրբապատկերները, որոնց հեղինակն է տաղանդավոր սրբանկարիչ Բարեշնորհ Հայկ Սարկավագ Ազարյանը: Սրբանակարների օծման արարողությանը ներկայ գտնվեցին նաև «Սուրբ Գրիգոր Նարեկացի» կիրակնօրյա դպրոցի սաներն ու ուսուցչական կազմը: Հաճելի զուգադիպությամբ Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա դպրոցի բացումը ևս տեղի է ունեցել նոյեմբերի ամսին՝ հինգ տարի առաջ: Խաժակ Սրբազանն իր խոսքում շնորհավորեց սաներին, ուսուցչական և ղեկավար կազմին դպրոցի բացման 5-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով բեղուն գործունեություն և անխափան ընթացք դպրոցին:

Պատարագի ավարտից հետո մատուցվեց «սիրո ճաշ»: Ներկաները ճաշկերույթի ընթացքում իրենց սրտաբուխ նվիրատվությունները կատարեցին սուրբ Էջմիածնի Մայր Տաճար վիրանորոգության աշխատանքների համար:

Այս նույն նպատակով մեկ օր առաջ, նոյեմբերի 23-ին Ամստերդամում կազմակերպվել էր բարեգործական Ճաշկերույթ՝ պատվավոր մասնակցությամբ Գերաշնորհ Հովնան և Խաժակ Սրբազանների: Ճաշկերույթին ներկա էին Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու ծախական խորհրդի նախկին և ներկա վարչության անդամներ, տարբեր հիմնադրամների և միությունների ղեկավարներ, բարերարներ: Ճաշի ընթացքում, ինչպես նաև հաջորդ օրը, եկեղեցու հյուրասրահում հավաքված ողջ գումարը տրամադրվելու է հաջակցություն Մայր Տաճարի վերանորոգման»,- նշված է հաղորդագրության մեջ


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am