Ամստերդամում կայացել է ԵԱՏՄ և Նիդերլանդներրի գործարար համագործակցության ներուժին նվիրված սեմինար

Armenpress 21:11, 22 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությունում նախագահող Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ նոյեմբերի 21-ին Ամստերդամում կայացել է  Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի և Ղազախստանի դեսպանությունների կազմակերած «Եվրասիական տնտեսական միությունը և Նիդերլանդներրը. գործարար համագործակցության հեռանկարներն ու ներուժը» խորագրով սեմինար-քննարկում, որին ներկա էին շուրջ վեց տասնյակ նիդերլանդական ընկերությունների ներկայացուցիչներ։ Սեմինարի հիմնական բանախոսներն էին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերության համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Ալեքսանդր Սուբբոտինը և Եվրասիական հանձնաժողովի ինտեգրացիայի զարգացման դեպարտամենտի փոխտնօրեն Գոհար Բարսեղյանը, նշված է «Ֆեյսբուք»-ի էջում Նիդերլանդներում ՀՀ դեսպանության գրառման մեջ:

«Միջոցառումը բացեց Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը՝ մասնավորապես նշելով, որ ԵԱՏՄ-ում ՀՀ նախագահության ընթացքում հիմնական առաջնահերթություններից է եղել տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացիան և ազատ առևտրի համաձայնագրերի աշխարհագրության ընդլայնումը. «Հայաստանն ինտեգրման դրական դինամիկայի ապահովման, առկա խնդիրների լուծման համար գործադրել է անխոնջ ջանքեր, որոնք կարող են լրացուցիչ խթան հանդիսանալ անդամ երկրների տնտեսական աճի համար»:

Այնուհետ ելույթներով հանդես եկան Բելառուսի գործերի հավատարմատար Ստանիսլավ Վասիլևսկին, Ղազախստանի դեսպան Մագժան Իլյասովը և Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Շուլգինը։ Այնուհետև Եվրասիական հանձնաժողովի պաշտոնյաները մանրամասներ ներկայացերցին ԵԱՏՄ գործունեության տարբեր ոլորտների և ուղղությունների վերաբերյալ: Բանախոսները շնորհակալություն հայտնեցին հայկական կողմին նման միջոցառում կազմակերպելու նախաձեռնության համար։

Զեկույցներին հաջորդեց հարցուպատասխան, որի շրջանակներում սեմինարի մասնակիցները ի թիվս այլ հարցերի հետաքրքրվեցին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ արտահանման և ներմուծման գործընթացներում առկա խոչընդոտները վերցանելու հնարավորություններով և այդ ուղղությամբ արվող քայլերով:

Միջոցառմանը հաջորդեց ընդունելություն, որին նիդերլանդական խոշոր բիզնեսի ներկայացուցիչները համտեսեցին նաև հայկական գինի»,- ասվում է հաղորդագրության մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am