Նախագահ Սարգսյանն Ուկրաինայի վարչապետի հետ քննարկել է հայ-ուկրաինական օրակարգին վերաբերող հարցեր

Armenpress 19:55, 22 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Լոնդոնում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ուկրաինայի վարչապետ Օլեքսի Հոնչարուկի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,  Հայաստանի նախագահը և Ուկրաինայի վարչապետը քննարկել են հայ-ուկրաինական օրակարգին վերաբերող հարցեր։

Նախագահ Սարգսյանն ասել է, որ երկու երկրների հարաբերություններում գործնական քայլերի ժամանակն է՝ նշելով, որ համագործակցության ներկա մակարդակը բավարար չէ, և հնարավորությունները շատ ավելին են։

Համաձայնելով Հայաստանի նախագահի հետ՝ Ուկրաինայի վարչապետը նշել է, որ երկու երկրներն ունեն շատ ընդհանրություններ, սերտ կապեր և չիրացված մեծ ներուժ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև նորագույն տեխնոլոգիաների, մասնավորապես, արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման, ինչպես նաև գյուղատնտեսության, սննդի անվտանգության ոլորտներում համատեղ փոխշահավետ նախագծերի իրականացման հնարավորությունների շուրջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am