Տիգրան Ձիթողցյանի և Սյուզան Սարանդոնի մասնակցությամբ ֆիլմը արժանացել է AIFF-ի գլխավոր մրցանակին

Armenpress 18:28, 22 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արթուր Բալդերի  «Ամերիկյան հայելի. Անմահության մտադրություններ» ֆիլմն արժանացել է AIFF-ի՝ Արլինգթոնի միջազգային կինոփառատոնի «Լավագույն ֆիլմ» մրցանակին:  Ֆիլմի հերոսները երկուսն են՝ Տիգրան Ձիթողցյանն ու Սյուզան Սարանդոնը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆիլմն անդրադառնում է համամարդկային և ֆենոմենալ մի երևույթի.  ինչպես ենք ընկալում և դատում  ինքներս մեզ և ուրիշներին մի աշխարհում, ուր գնալով տիրապետող են դառնում սոցիալական ցանցերը:

Հայ գեղանկարիչ Տիգրան Ձիթողցյանի՝  դերասանուհի Սյուզան Սարանդոնի դիմանկարները կերտելու ընթացքում, ֆիլմի հեղինակ Բալդերը հանդիսատեսին տանում է  մի տպավորիչ տեսողական  ճամփորդության՝  ընդլայնելով և մեկ այլ մեկնակետից բացահայտելով ժամանակի մեր սովորական ընկալումը:

«Հայելին» Տիգրան Ձիթողցյանի ամենանշանավոր շարքերից է: Այս միագույն/մոնոխրոմ/աշխատանքներում  պատկերված են դեմքերը ձեռքերի հետևում թաքցված կանանց դիմանկարներ, իսկ  բնորդուհիների՝ այս դեպքում Սյուզան Սարանդոնի դիմագծերն արտացոլվում և երևակվում են ձեռքերի վրա։ Արվեստագետ և մտածող Ձիթողցյանի  գեղարվեստական արարումի և զրույցի ընթացքում բացահայտվում է ու միաժամանակ ընդգծվում մարդկային հոգու փառահեղ անընդգրկելիությունն ու անմեկնելիությանը։

Խոսելով Տիգրան Ձիթողցյանի մասին, ահա թե ինչ է գրում ֆիլմի հեղինակը. «Տիգրանն հավատարիմ է ու խիստ կապված իր ազգային  ժառանգությանը, և միևնույն ժամանակ` համաքայլ  համաշխարհային մշակութային նվաճումներին, որովհետև դրանք հնարավորություն են տալիս արտացոլել հասարակության դինամիկ զարգացման ամենատարբեր երեսները:

Նրա աշխատանքներում ակնհայտ  են թե սեփական՝ ազգային և թե հոգևոր մշակույթի ազդեցությունները: Դա կոորդինատների և նշանների մի մշակութային համաստեղություն է, որից անհնար է խուսափել, հակառակը՝ այն վերաիմաստավորվում  է և արտահայտության նոր ձևեր գտնում: Այդպես, նրա մի շարք ցուցադրություններում ակներև է, թե ինչպես է յուրացվել հոգևոր մշակույթն ու դրսևորվել մեկ այն ոգեղեն և գեղագիտական մակարդակում»:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am