Էդուարդ Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանում և Վրաստանում Հնդկաստանի դեսպանին

Armenpress 17:45, 22 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանում և Վրաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Կիշան Դան Դեվալին` վերջինիս նախաձեռնությամբ: Հանդիպման նպատակն էր քննարկել անվտանգության ապահովման ոլորտում երկու բարեկամ պետությունների միջև փոխգործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ողջունելով դեսպանին՝ Էդուարդ Մարտիրոսյանը նշել է, որ նմանատիպ հանդիպումները բարեկամ և գործընկեր երկրի դեսպանի հետ ևս մեկ քայլ են հանդիսանում փոխշահավետ համագործակցության ամրապնդման գործընթացում և ընդգծել ՀՀ ԱԱԾ-ի կողմից փոխգործակցության խորացման պատրաստակամության մասին:  

 Հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպված հանցավորության, անօրինական միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև երկու պետությունների անվտանգության մարմինների փորձի փոխանակման մասին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` դեսպան Կ. Դ. Դեվալը  նշել է, որ դեսպանությունը մշտապես պատրաստակամ է աջակցել Հայաստանին՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության ակտիվացման գործընթացում` ի նպաստ երկու բարեկամ ժողովուրդների անվտանգության և բարեկեցության:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am