Լեոնիդ Ազգալդյանի մարտական ընկերները սպասում են նրան ՀՀ ազգային հերոսի կոչում շնորհելուն

Armenpress 13:20, 22 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի հերոս, Արցախյան ազատամարտի անվանի հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի մարտական ընկերներն ու մի խումբ քաղաքացիներ սպասում են նրան Հայաստանի ազգային հերոսի կոչում շնորհելուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նոյեմբերի 22-ին՝ հերոսի ծննդյան 77-ամյակի օրն այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Արժանապատիվ ազատամարտիկների միավորում» ՀԿ –ի նախագահ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը:

«Ամռանը նրան Արցախի հերոսի կոչում շնորհեցին, բայց, իհարկե, նա արժանի է նաև Հայաստանի հերոսի կոչմանը, որովհետև իր ողջ հնարավորությունները ներդրեց հանուն Հայաստանի, հանուն հայ ժողովրդի, հանուն Արցախի: Դիմել ենք անձամբ վարչապետին, ստորագրահավաք ենք արել մի խումբ կազմակերպություններով ու քաղաքացիներով, հիմա դեռ արձագանք չկա, մոտ չորս ամիս առաջ ենք դիմել: Մենք հասնելու ենք նրան, որ Լեոնիդին շնորհվի Հայաստանի ազգային հերոսի կոչում»,- ասաց Ավետիսյանը:

Երևանի պետական համալսարանի Ուսանողական խորհրդի կազմում գործող Լեոնիդ Ազգալդյանի անվան Մարտական պատրաստության ակումբի նախագահ Լիպարիտ Ղազարյանը նշեց, թե ակնկալում էին, որ Լեոնիդ Ազգալդյանին Արցախի հերոսի փոխարեն միանգամից կշնորհվի Հայաստանի հերոսի կոչում:

«Սպասում էինք, որ միանգամից Հայաստանի ազգային հերոսի կոչում կստանա, ոչ թե Արցախի հերոսի, բայց միշտ ժողովուրդն է որոշում իր ազգային հերոսներին: Սպասենք երևի, ինձ թվում է` արդյունք կունենանք, որովհետև Լեոնիդ Ազգալդյանը հասարակ ռազմական գործիչ չի եղել, իր ներդրումը թե պետականաշինության, թե բանակաշինության մեջ, իրոք, անուրանալի է»,- նշեց Ղազարյանը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը մեզ հետ զրույցում նշեց, որ Ազգալդյանին ՀՀ ազգային հերոսի կոչում շնորհելու վերաբերյալ հարցը դեռ քննարկման փուլում է:

«Ես կարծում եմ, որ որևէ տարբերություն չկա այն հանգամանքի մեջ, թե ինչ հանգուցալուծում կստանա քննարկումը, քանի որ արդեն նրան շնորհված է Արցախի ազգային հերոսի կոչում, հայ ժողովրդի ազգային հերոս ևս արդեն համարում եմ, քանի որ Արցախը ևս հայկական պետություն է: Չգիտեմ, թե ինչ փուլում են քննարկումները, որովհետև այդ հետագիծը պահելը ՀՀ պաշտպանության նախարարության լիազորությունների տիրույթում չէ: Բայց կարծում եմ, որ նա ըստ արժանվույն գնահատված է արդեն, դա որպես փաստ կարող ենք արձանագրել»,- ասաց Բալայանը:

Նոյեմբերի 22-ին Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանը կդառնար 77 տարեկան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am