«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․  «Խաղաղության աստղը` Արցախի երկնակամարում»

Armenpress 21:55, 21 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  «Ճանաչված չեխ գրող, հրապարակախոս, հեռուստալրագրող Մարտին Մակդալն առաջին անգամ Արցախ այցելեց 12 տարի առաջ` ադրբեջանաղարաբաղյան հակամարտության մասին ֆիլմ նկարահանելու նպատակով: Նա շրջեց լեռնաշխարհում, ծանոթացավ ծավալված ռազմագործողությունների դրդապատճառներին, հանդիպումներ ունեցավ գոյամարտի ակտիվ մասնակիցների հետ, ունկնդրեց ողբերգություն ապրած, հասարակ, շարքային մարդկանց կարծիքները` հայերին պարտադրած դաժան պատերազմի մասին, ինչպես նաեւ պատկերացումները` խաղաղության ու կայունության, երկրի ճակատագրի վերաբերյալ, եւ ստացած տպավորությունները «կենդանի կադրերի հետ» ներկայացրեց չեխական հանրային հեռուստատեսությամբ:

Ստեղծագործության հեղինակին արցախյան թեման այնքան ընդգրկուն եւ անսպառ թվաց, որ նա որոշեց իրեն հետաքրքրող հարցերի պատասխանը ստանալու համար կրկին Ստեփանակերտ ժամանել: Դա եղավ 2015-ին, ապա 2016-ի ապրիլյան ողբերգական իրադարձություններից անմիջապես հետո, երբ իր կամքով գործուղվեց` այս անգամ ֆիլմ նկարահանելու «ապրիլյան քառօրյա պատերազմը սանձազերծողներին անարգանքի սյունին գամելու, քրիստոնյա երիտասարդ զինվորներին անմարդկային կերպով դաժանաբար խոշտանգելու, իսլամիստներին հատուկ ձեռագրով հայ տղաներին գլխատելու համար, աշխարհին ցույց տալու ադրբեջանցիների իրական դեմքը»:

Մարտին Մակդալն, ով այս անգամ պրոդյուսեր Մարկետա Ադամցովայի հետ է Արցախ ժամանել մեկ այլ առաքելությամբ, խոստովանում է, որ Եվրոպայում ճշմարիտ պատկերացում չունեն, թե ինչ իրավիճակ է տիրում երկրում, եւ ով է մեղավոր մարդկային կորուստների համար: Անդրադառնալով երկու տարի առաջ նկարահանված «Խաղաղության աստղը` Արցախի երկնակամարում» ֆիլմին,  Մարկետա Ադամցովան նշեց, թե հեռուստադիտողների հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ մեկ շաբաթվա մեջ հանրայինով այն ցուցադրվեց մի քանի անգամ ու բազմաթիվ հետաքրքիր արձագանքներ եղան:

Մարտին Մակդալը չի ուզում լիովին բացել փակագծերը եւ պատմել իրենց հերթական այցի նպատակի մասին, միայն ասում է, որ նոր ֆիլմ է նկարահանվում աշխարհի միստիկ վայրերի վերաբերյալ եւ նրանում «իր վանքերով ու եկեղեցիներով, մատուռներով եւ խաչքարերով, լայնորեն ընդգրկված է եւ Արցախը»: Նա համոզված է, որ ֆիլմը դիտելուց հետո, «քարտեզի վրա մարդիկ ավելի հեշտությամբ կգտնեն Արցախի տեղը եւ զբոսաշրջիկների թիվն, անշուշտ, կմեծանա»»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am