Արգենտինայի Գարրահան մանկական հիվանդանոցը կհամագործակցի Երևանի 2 մանկական հիվանդանոցների հետ

Armenpress 18:21, 21 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։«ՖԱՅԴԵՔ Արմենիա» հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկել է առողջապահության ոլորտում հայ-արգենտինական կապերն ընդլայնող «Երկրորդ կարծիք» ծրագիրը, որի միջոցով Արգենտինայի՝ տարածաշրջանային նշանակության Գարրահան մանկական հիվանդանոցը կհամագործակցի հայաստանյան երկու մանկական հիվանդանոցների՝ «Արաբկիր» բժշկական համալիր – երեխաների  և դեռահասների առողջության ինստիտուտի և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի  հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին  Հայաստանում Արգենտինայի դեսպանության մամուլի ծառայությունից:

««Միջազգային պրակտիկայում շատ կիրառվող «Երկրորդ կարծիք» ծրագիրը հնարավորություն կտա մանկաբուժության ոլորտում ապահովել հեռահար մասնագիտական խորհրդատվություն, հատուկ դեպքերի քննարկում և փորձի փոխանակում արգենտինյան և հայաստանյան կարևորագույն մանկական կլինիկաների միջև», - նշեց ՖԱՅԴԵՔ Արմենիա հիմնադրամի տնօրեն Նարինե Հայրապետյանը` ավելացնելով, որ ծրագիրը հնարավոր դարձավ ներդնել Հայաստանում Կոնվերս Բանկի աջակցությամբ:

Նոյեմբերի 20-ին Հայաստանում Արգենտինայի դեսպանատանը համագործակցող կողմերի միջև ստորագրվեցին եռակողմ համաձայնագրեր, որի պաշտոնական արարողությանը հեռահար կապի միջոցով հետևում էին Բուենոս Այրեսից՝  Գարրահան հիվանդանոցի և Բարսելոնայից՝  Սան Խոան դե Դեու հիվանդանոցի անձնակազմերը:

Միջոցառմանը ներկա էին Գարրահան մանկական հիվանդանոցի նախագահ, արգենտինահայ մանկաբույժ Կառլոս Կամբուրյանը,   «Արաբկիր» բժշկական համալիր – երեխաների  և դեռահասների առողջության ինստիտուտի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը, ՖԱՅԴԵՔ Արմենիա հիմնադրամի տնօրեն Նարինե Հայրապետյանը, ՀՀ-ում Արգենտինայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Միգել Արթին Չիլինգիրյանը, ինչպես նաև առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ, հյուրեր:  

Դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Միգել Չիլինգիրյանը նշեց, որ համագործակցության այս համաձայնագիրը կարևոր քայլ է առողջապահության ոլորտում երկու երկրների միջև փոխհարաբերություններում, հատկապես փորձի և տեղեկատվության փոխանակման առումով` վստահություն հայտնելով, որ ծրագիրը լավ արդյունք կունենա հաշվի առնելով այն փաստը, որ դրանում ներգրավված են առողջապահության ոլորտում չորս հեղինակավոր հաստատություններ:

«Աջակցելով այս նախագծին՝ Էռնեկյան խումբը հերթական անգամ իր ներդրումն է կատարում Հայաստանի առողջապահության  ոլորտում միջազգային փորձի  ներդրման ու կիրառման հարցում: Հուսով ենք, որ արգենտինյան ու հայաստանյան երկու բուժհաստատությունների միջև հաստատվող համագործակցությունը կդառնա Սփյուռք-Հայաստան փոխգործակցության  ևս մեկ արդյունավետ օրինակ՝ հնարավորություն ընձեռելով օգտագործել Սփյուռքի ներուժը, իսկ փորձի փոխանակման արդյունքում ստացված նոր հմտությունները հաջողությամբ կիրառել առօրյա բժշկական պրակտիկայում»,- ասել է Հայաստանում էռնեկյան ընտանիքի ներկայացուցիչ, Կոնվերս բանկի խորհրդի անդամ Խորխե դել Ագիլա Էռնեկյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am