Փրկարար ծառայության տնօրենը մարդկային գործոն է տեսնում «Դոլմամա»-ի տանիքում բռնկված հրդեհում

Armenpress 16:09, 21 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը մարդկային գործոնի արդյունք է համարում «Դոլմամա» ռեստորանի տանիքում բռնկված հրդեհը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Գաբրիելյանն ասաց նոյեմբերի 21-ին լրագրողների հետ զրույցում:

«Այն, որ մարդկային գործոնի արդյունք է, դա միանշանակ է: Այսինքն` տեխնիկական առումով կարող է, օրինակ` լարերը ոչ ճիշտ միացված լինեն, հրդեհային անվտանգության կանոններն ապահովված չլինեն, և դրանից առաջանա: Հիմա ակտիվ հրդեհաշիջման փուլն է, քիչ հետո կհայտարարվի կրակի մեկուսացում, դրանից հետո կշարունակվեն հրդեհաշիջման աշխատանքները, ակտիվ հանգեցման աշխատանքներ կտարվեն և հրդեհը կավարտվի: Ամբողջ տարածքը 500 քմ է, որից 50-ն այրվել էր մինչև մեր ժամանելը, և հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ևս 200-ն այրվեց: Բոլոր կառուցատարրերը փայտյա են, շենքը հին է, ինչը դժվարացնում է աշխատանքների իրականացումը: Ուժերը, ջրի մատակարարումը բավարար է հրդեհը մարելու համար: Աշխատել ենք այնպես անել, որ տանիքից հրդեհը չտարածվի դեպի մյուս հարկեր»,- ասաց Գաբրիելյանը:

Այսօր ժամը 13:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում՝ երկհարկանի շինության տանիքում  հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ժամը 14:10-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ-2» աստիճան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Ժամը 14:19-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ-3» կանչի:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան 10 հասցեում գտնվող «Դոլմամա» ռեստորանի տանիքում: Այրվում են տանիքի փայտյա կառուցատարրերը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am