Աբովյանի և Պուշկինի փողոցների խաչմերուկում գտնվող «Դոլմամա» ռեստորանի տանիքում հրդեհ է բռնկվել

Armenpress 14:54, 21 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր ժամը 13:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում՝ երկհարկանի շինության տանիքում  հրդեհ է բռնկվել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ժամը 14:10-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ-2» աստիճան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Ժամը 14:19-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ-3» կանչի:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան 10 հասցեում գտնվող «Դոլմամա» ռեստորանի տանիքում: Այրվում են տանիքի փայտյա կառուցատարրերը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am