Ապագա իրավաբաններն ու լրագրողները հյուրընկալվել էին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում

Armenpress 12:07, 21 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատական իշխանության և մասնագիտական նրբությունների գործնական կիրառության նկատմամբ հետաքրքրությունը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Լրագրություն մագիստրոսական ծրագրի դատաիրավական խմբի մի շարք ուսանողների, սեփական նախաձեռնությամբ նոյեմբերի 20-ին տարել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ուսանողներին դատական նիստերի դահլիճում հյուրընկալեց դատավոր Երեմ Եսոյանը, ապա նրանց համար զրույց-դաս վարեց՝ ներկայացնելով դատարանում քաղաքացիական գործերի քննության կարգը, հայցադիմումների, դիմումների՝ դատարան մուտքագրման գործընթացի իրավակիրառ պրակտիկան, դատավարության փուլերում քաղաքացիական տարբեր հիմնահարցեր, դատավարության մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները, դատարանում ելույթների ներկայացման էթիկայի կանոնները:   

Դատավորն իր խոսքում անդրադարձավ նաև գործերի մակագրման էլեկտրոնային եղանակին, ներկայացրեց այն կարգավորող իրավական ակտերը, Բարձրագույն դատական խորհրդի համապատասխան որոշումները:

Ուսանողները հետաքրքրվեցին օրենսդրական կոնկրետ նորմերի պրակտիկ կիրառման ընթացակարգերով, զրպարտության և վիրավորանքի հայցերի քանակով և դատական իշխանության բարեփոխումներով:

Դատավոր Երեմ Եսոյանն ուսանողների կողմից բարձրացված բոլոր հարցերին տվեց սպառիչ պատասխաններ և գործնական խորհուրդներ, դատական իշխանության առկա խնդիրների լուծման հարցում էլ կարևորեց էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրման ուղղությամբ Բարձրագույն դատական խորհրդի կողմից ձեռնարկված գործուն քայլերը և առանձին գործերի այընտրանքային եղանակով քննության անհրաժեշտությունը, ինչն էապես կթեթևացնի դատարանների ծանրաբեռնվածությունը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am