Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի և Ղազախստանի միջև համաձայնագրի ստորագրման որոշմանը

Armenpress 11:32, 21 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին որոշման նախագծին, որով նախատեսվում է ՀՀ-ի ու Ղազախստանի քաղաքացիների համար միմյանց երկիր այցելելու համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն ՀՀ կառավարության նոյեմբերի 21-ի նիստում ներկայացրեց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:

«Համաձայնագրի կնքումը նախատեսված է Մաքսային միության և միասնական տնտեսական տարածքին ՀՀ անդամակցության 2013 թ. դեկտեմբերի 24-ին հաստատված ճանապարհային քարտեզով և 2006թ. նոյեմբերի 6-ի ՀՀ կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին համաձայնագրի արդիականացման անհրաժեշտությամբ: Համաձայնագրով նախատեսվում է, որ Հայաստանի և Ղազախստանի քաղաքացիները միմյանց պետությունների տարածքում մինչև 30 օր ժամկետով գտնվելու դեպքում ազատվում են գրանցվելու, ըստ գտնվելու վայրի հաշվառման կանգնելու պարտավորությունից, իսկ 30 օրից ավելի ժամկետով գտնվելու դեպքում պարտավոր են հաշվառման կանգնել մուտքի պետության իրավասու մարմիններում՝ այդ պետության ազգային օրենսդրությանը համապատասխան: Մինչև 30 օր ճամփորդությունների դեպքում քաղաքացիներն ազատվում են նաև միգրացիոն քարտ ներկայացնելու պահանջից: Նախատեսվում է նաև, որ Հայաստանի և Ղազախստանի քաղաքացիները, անկախ բնակության վայրից, իրավունք ունեն մուտք գործել, դուրս գալ, տարանցիկ անցնել, տեղաշարժվել և մյուս կողմի պետության տարածքում գտնվել մինչև 90 օր՝ մուտքի պետության պետական սահմանը հատելու օրվանից: Ներկայումս գործող կարգավորումների համաձայն՝ ՀՀ քաղաքացիները պարտավորվում են Ղազախստանի տարածք մուտք գործելուց հետո 5-օրյա ժամկետում հաշվառման կանգնել Ղազախստանի իրավասու մարմիններում»,- ասաց Ադոնցը:

Համաձայնագրի կնքումը կնպաստի նաև երկու պետությունների միջև տարբեր բնագավառներում հարաբերությունների և համագործակցության զարգացմանը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների համար ավելի բարենպաստ պայմաններ կստեղծի Ղազախստանի տարածքում գտնվելու և գործունեություն իրականացնելու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am