Փաշինյանը հրաժարականի մասին մտածելու կարիք չի տեսնում, քանի դեռ ունի ՀՀ ժողովրդի վստահությունը

Armenpress 20:34, 20 Նոյեմբեր, 2019

ՄԻԼԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տալու մասին մտածելու կարիք չի տեսնում, քանի դեռ ունի Հայաստանի Հանրապետության ժողովրդի վստահությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Միլանից, այս մասին Փաշինյանը նշեց նոյեմբերի 20-ին Միլանի Հայ առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում, պատասխանելով հայ համայնքի ներկայացուցիչներից մեկի այն պնդմանը, թե վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի:

«Ես հրաժարականի մասին մտածելու կարիք չունեմ այնքան ժամանակ, քանի ունեմ Հայաստանի Հանրապետության ժողովրդի վստահությունը, իսկ երբ չունենամ այդ վստահությունը, որևէ մեկին չեմ թողնի, որ նույնիսկ ակնարկի դրա մասին, որովհետև ղեկավարը, որը չունի ժողովրդի վստահությունը, չարիք է երկրի համար, այնպես, ինչպես չարիք են եղել բոլոր ղեկավարները` սկսած 1996թ., երբ առանց ժողովրդի իշխանության տիրացել և փորձել են պահել երկրի իշխանությունը: Մեր օրոք այդպիսի իրավիճակ չի լինելու: 1999թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Հայաստանում ձևավորվել է իշխանություն, որը ունեցել է ժողովրդի վստահությունը, բայց, ցավոք, գլխատվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորել է Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում Ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

Եկեղեցում ՀՀ վարչապետին սպասում էին տեղի հայ համայնքի ներկայացուցիչները: Բարիգալստյան աղոթքից հետո ելույթով հանդես եկավ Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում Ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

Դիմելով ՀՀ վարչապետին՝  նա նշեց. «Ես տեղյակ եմ, որ Ձեր կարևորագույն առաքելության հիմնակետը փոփոխությունն է՝ հայրենիքի, հայրենի ժողովրդի և մեր ազգի կյանքում: Եվ բնականաբար փոփոխությունները երբեմն դժվարություններ են բերում, հետևաբար մեր աղոթքն է, որ դուք Ձեր առաքելության ճանապարհին քաջ կերպով շարունակեք ինչ-որ սկսել եք՝ հանուն մեր հայրենիքի, հանուն մեր ժողովրդի բարելավման ու մեր հայրենիքի լուսավոր ապագայի համար: Ես գիտեմ, որ մանավանդ երիտասարդ սերունդը Ձեզնով խանդավառ է»:

Նա հիշեց հալեպահայ մի երիտասարդի, որը Երևանում է հաստատվել և անցնող 2 տարիներին Իտալիա է եկել՝ ուսումը և աշխատանքը շարունակելու համար, խանդավառված է «Իմ քայլը» շարժումով  և շարժման ղեկավարով:

Շանթ Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am