Նիկոլ Փաշինյանը Մխիթարյան միաբանության Մայրավանքում է, նա գրառում կատարեց «Ոսկե գրքում»

Armenpress 14:44, 20 Նոյեմբեր, 2019

ՎԵՆԵՏԻԿ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիա կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը այցելեց Վենետիկի Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան միաբանության Մայրավանք: Ինչպես Իտալիայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ՀՀ վարչապետին դիմավորեցին Վենետոյի փոխնահանգապետ Ֆեդերիկո Կաները, Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը, Վենետո նահանգում ՀՀ պատվո հյուպատոս Գագիկ Սարուխանյանը:

Նախ կայացավ նեղ կազմով հանդիպում Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակների հետ, այնուհետև Նիկոլ Փաշինյանը շրջայց կատարեց Մայրավանքում, որից հետո գրառում կատարեց միաբանության «Ոսկե գրքում»:

«Եկել ենք մեր զորակցությունը հայտնելու ջրհեղեղից տուժած Մխիթարյան միաբանությանը, ուրախ եմ, որ անդառնալի վնաս չի պատճառվել: Նաև ուզում եմ հայ ժողովրդի գնահատանքն արտահայտել Մխիթարյան միաբանությանը, որ մեր ժամանակակից կրթության, գիտության արվեստի աղբյուրներից մեկն է: Այն ժամանակ, երբ հայության ինքնությունը վտանգված էր Հայրենիքում, Մխիթարյան միաբանությունը մեր լեզվի, պատմության, ինքնության պահպանման մի տաճար դարձավ»,-գրառման մեջ նշել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետի մասնակցությամբ նախատեսված է ընդլայնված հանդիպում վանահայրերի, տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Շանթ Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am