Գյումրու «Կումայրի» արգելոցի բազայում գտնվող կառույցները կվերահաշվառվեն ու կանձնագրավորվեն

Armenpress 11:05, 19 Նոյեմբեր, 2019

ԳՅՈՒՄՐԻ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Կումայրի» արգելոցի բազայում գտնվող կառույցները կանձնագրավորվեն: Անձնագրերում կներառվեն կառույցի պատմությունը, չափագրումը, կառուցողի մասին տեղեկությունը, հատակագիծն ու պետական պահպանության փաստաթուղթը:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը: Գյումրիում որոշ շինություններ նախկինում էլ անձնագրավորված են եղել, ունեցել են մանրակերտեր, սակայն 1988 թվականի երկրաշարժից հետո դրանք չեն պահպանվել: Սակայն մինչ անձնագրավորումը կիրականացվի բազայում առկա շենք-շինությունների վերահաշվարկ:

 «Պատմական կառույցները տարիներ առաջ հաշվառվել են, բայց հետո դրանք դարձել են վթարային կամ գտնվում են փլուզման եզրին, որոշները նույնիսկ արդեն չկան, շատ կառույցներ էլ ինչ-ինչ պատճառներով չեն ընդգրկվել այդ ցանկում»,-նշեց Հենրիկ Գասպարյանը՝ ավելացնելով, որ «Կումայրի» արգելոց-թանգարանում շենքերի անձնագրավորման և վերահաշվառման ծրագիրն արդեն կազմել են: Աշխատանքները նախատեսվում է սկսել հաջորդ տարի:

Այս  պահին Գյումրու «Կումայրի» արգելոցի տարածքում հաշվառված է մոտ 1200 հուշարձան, որոնք ընդգրկված են ՀՀ հուշարձանների պահպանության ցանկում:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am