ԱԺ-ն քննարկում է «Դեղերի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրինագիծը

Armenpress 11:06, 19 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման, պետական նպատակային ծրագրերի շրջանակներում բնակչության համար ձեռք բերված դեղատոմսով բաց թողնվող դեղերի մասին զանգվածային լրատվամիջոցներում հանրային իրազեկում իրականացնելու դեղերի պատշաճ բաշխման գործունեության հավաստագիր ստանալու ժամկետի երկարաձգման հարցերը:

Ազգային ժողովի նիստում այն ներկայացրեց Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը:

 «Նախատեսվում է իրականացնել երեք փոփոխություն: Դրանցից առաջինը վերաբերում է մեծածախ առևտրով զբաղվող տնտեսավարողների համար լիցենզավորման պարտավորության ժամկետին, երկրորդը վերաբերում է պատշաճ բաշխման գործունեության հավաստագիր ստանալու ժամկետի փոփոխությանը, նախատեսվում է այն ևս մեկ տարով հետաձգել, որպեսզի լիցենզավորման գործընթացն անցնելուց հետո տնտեսավարողները ևս մեկ տարի ժամանակ ունենան պատրաստվելու սույն պատշաճ բաշխման հավաստագրով նախատեսված փոփոխություններն իրականացնել ու անցնցում անցում կկատարեն: Երրորդ փոփոխությունը վերաբերվում է առողջապահական պետական, նպատակային ծրագրի շրջանակներում բնակչության համար ձեռք բերված, դեղատոմսով բաց թողնվող դեղերի մասին զանգվածային լրատվամիջոցներում հանրային իրազեկում իրականացնելու կարգավորումներին»,- ասաց Ավանեսյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am