1000х90.jpg (78 KB)

Ընդունվեց գործադիրին և վարչապետին ենթակա մարմինների լիազորություններն ընդլայնելու օրինագիծը

Armenpress 10:38, 19 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության և վարչապետին ենթակա մարմիններին իրենց կողմից պատրաստված օրենքների նախագծերի վերաբերյալ հանրային քննարկում իրականացնելու հնարավորություն տվող օրենքի նախագիծը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը նոյեմբերի 19-ի Ազգային ժողովի նիստում ընդունվեց 99 կողմ, 1 ձեռնպահ ձայներով:

Օրենքի նախագիծն Ազգային ժողովում ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:

«Փոփոխության իմաստը հետևյալն է՝ այժմ գործող օրենքի խմբագրությամբ հանրային քննարկում կարող են իրականացնել միայն կառավարության անդամները, և կառավարության ու վարչապետին ենթակա մարմինները ուղղակի տեխնիկապես իրենց կողմից պատրաստված օրենքների փոփոխությունների կամ այլ նորմատիվ իրավական ակտերի փոփոխությունների նախագծի հանրային քննարկումն ու պետական-իրավական փորձաքննության ուղարկելը չեն կարող իրականացնել: Նախագծի ընդունման արդյունքում կառավարությանը և վարչապետին ենթակա մարմիններն իրենք կկարողանան քննարկման դնել իրենց կողմից պատրաստված նախագծերը»,- ասաց Գրիգորյանը:

ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել նախագծի վերաբերյալ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am