«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ՀԱԷԿ-ը մտադիր է ԱՄՎ-ի կառավարման ի՛ր ծրագիրն անել

Armenpress 21:20, 18 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նոյեմբերի սկզբին, երբ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր Ռուսաստանի կողմից Հայաստանի ատոմակայանի վերազինմանն ուղղված միջպետական վարկի երկարաձգման հնարավորությունների հարցը, լսումներին մասնակցող «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանն ասաց, թե Հայկական ԱԷԿ-ը մտադիր է իրականացնել աշխատած միջուկային վառելիքի կառավարման իր ծրագիրը:

Անդրադառնալով այդ կառավարմանը՝ նա շեշտել էր, որ կայանում առկա շինությունները թույլ են տալիս պահեստավորել դրանցում աշխատած միջուկային վառելիքը (ԱՄՎ): Բացի միջին ակտիվության ԱՄՎ-ից, ՀԱԷԿ-ը պահման եւ պահեստավորման հետ կապված խնդիրներ չունի: Իսկ ինչ վերաբերում է միջին ակտիվության ԱՄՎ-ին, ապա մոտ ժամանակներս կսկսվի աշխատած միջուկային վառելիքի չոր պահեստարանի չորրորդ հերթի շինարարությունը, որը թույլ կտա առնվազն մինչեւ 2036 թ. լուծել այդ խնդիրը:

Ի դեպ, այդ պահեստներում վառելիքը կարող է պահվել առնվազն 50 տարի, իսկ առավելագույնը՝ 300 տարի (այնուամենայնիվ, ռուսական կողմի հետ բանակցություններ են վարվում հայկական ԱԷԿ-ից ԱՄՎ-ի՝ ՌԴ տարածք դուրս բերելու հնարավորության շուրջ):

Տեղեկացնենք, որ կառավարությանը ենթակա միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը «ՀՀ»-ի հետ զրույցում ասաց, որ կոմիտեն 2000 թ. ՀԱԷԿ-ին տվել է համապատասխան՝ չոր պահեստարանի շահագործման լիցենզիա 20 տարի ժամկետով, եւ արդեն հաջորդ տարի լրանում է դրա գործողության ժամկետը: Բայց այդ լիցենզիան կերկարաձգվի եւս 30 տարով: Ինչու՞ է այսպես արվել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am