ՏԿԵ փոխնախարարը և ԱԶԲ պատվիրակությունը քննարկել են ՀՀ տրանսպորտի ոլորտին  աջակցությունը

Armenpress 18:49, 18 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նոյեմբերի 18-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը՝ ԱԶԲ ծրագրերի ղեկավար Թոմաս Հերցի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Արմեն Սիմոնյանը շնորհակալություն է  հայտնել հանդիպման համար  և ընդգծել  է ԱԶԲ-ի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի նշանակությունը՝ մասնավորապես, անդրադառնալով  իր համակարգման ոլորոտում գտնվող տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերին:

Թոմաս Հերցն իր հերթին շնորհակալություն է  հայտնել  ընդունելության համար և կարևորել հանդիպումը`  տրանսպորտի ոլորտի   արդիականացման ուղղությամբ  նախարարության առաջնահերթությունները  ճշգրտելու առումով:

Հանդիպմանը կողմերը քննարկել են ԱԶԲ-ի կողմից Տեխնիկական օժանդակության ծրագրի շրջանակում  տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը և  տրանսպորտի ոլորտում ինստիտուցիոնալ հզորացմանն ուղղված ԱԶԲ-ի աջակցության հնարավորությունները:

ՏԿԵ նախարարի տեղակալը ներկայացրել է ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, երկաթուղային տրանսպորտի և քաղաքացիական ավիացիայի ոլորտում նախարարության օրենսդրական նախաձեռնությունները  և դրանցում Տեխնիկական օժանդակության ծրագրի շրջանակում բանկի կողմից ակնկալվող աջակցությունը:

Քննարկվել են  նաև Երևանի քաղաքային տրանսպորտի արդիականացմանը վերաբերող հարցեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am