«Երազ իմ երկիր հայրենի»-ն հայ զինվորի լավագույն ուղեկիցն է. Փաշինյանը շնորհավորել է Ամիրխանյանին

Armenpress 17:20, 16 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում նշվում է.

«Հարգելի մաեստրո, 

սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ։ 

Դուք ստեղծել եք արվեստի բարձրարժեք գործեր, որոնք միջազգային ճանաչում են բերել Ձեզ, հարստացրել ոչ միայն հայ երաժշտարվեստը, այլև՝ մուլտիպլիկացիան և կինոն։

Մեծ է Ձեր ավանդն ազգային երաժշտական արվեստի զարգացման, երաժիշտների նոր սերնդին արվեստի լավագույն  ավանդույթներով ու ոգով դաստիարակելու գործում:

Այդ առումով, ցանկանում եմ հատուկ ընդգծել Հայոց բանակի հիմնը՝ «Երազ իմ երկիր հայրենի» ստեղծագործությունը, որը հայ զինվորի լավագույն ուղեկիցն է, նրա հանդարտ-հաղթական ոգու լավագույն արտահայտությունը, հայրենիքի նկատմամբ մեր տածած սիրո ամբողջական ձևակերպումը: 

Սիրելի մաեստրո,

մաղթում եմ Ձեզ առողջություն, ստեղծագործական եռանդ և անսպառ ներշնչումներ»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am