ԿԳՄՍՆ մասնագետներն այցելել են օրերս ավերված՝  16-17 դարերի գինու հնձանի տարածք

Armenpress 17:01, 16 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության մասնագետները նոյեմբերի 16-ի առավոտյան այցելել են Դայմայի այգիների տարածք, որտեղ ավերվել է 16-18-րդ դարերի գինու հնձանը: Ավերված շինության տարածքում տեղի են ունեցել  աշխատանքային քննարկումներ ոլորտի մասնագետների և կառուցապատող կազմակերպության ներկայացուցիչների միջև, ուսումնասիրել են պատմամշակութային հնարավոր արժեք ներկայացնող այլ շինություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԳՄՍ նախարարությունից, ավերված հնձանը ժամանակին չի ընդգրկվել «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2004թ. հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշմամբ սահմանված ցանկում:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը դեռևս 2016թ. ՀՀ մշակույթի նախարարություն է ներկայացրել այդ տարածքում գտնվող ուշ միջնադարյան պատմաճարտարապետական կառույց հանդիսացող մեկ այլ հուշարձանի վերաբերյալ տեղեկատվություն՝ նշելով կառույցի կարևորությունը Երևան քաղաքի պատմության ամբողջացման համատեքստում, սակայն այն կրկին չի ստացել նորահայտ հուշարձանի կարգավիճակ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին հանձնարարվել է հրատապ կարգով ստեղծել արշավախումբ՝ տեղում ուսումնասիրություններ կատարելու, պատմամշակութային արժեք ներկայացնող առկա շինություններն արձանագրելու և իր գործառույթների շրջանակում ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ անհրաժեշտ գործողություններ իրականացնելու համար: Կառուցապատողը պատրաստակամություն է հայտնել համագործակցել սույն հարցով պատկան մարմինների հետ, տրամադրվել են անհրաժեշտ փաստաթղթերը: Արշավախմբի կողմից իրականացված աշխատանքների արդյունքներն ամփոփելուց հետո կներկայացվի հավելյալ տեղեկատվություն:

Լուսանկարը` Մարի Չաքրյանի «Ֆեյսբուք»-ի էջից



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am