1000х90.jpg (78 KB)

Սուրբ Ղազարը բոլորիս ուշադրության և հոգածության կարիքն ունի. նախագահ Արմեն Սարգսյան

Armenpress 15:32, 16 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 16-ին հեռախոսազրույց է ունեցել Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մայրավանքի վանահայր Հ. Համազասպ վարդապետ Քեշիշյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահն իր մտահոգությունն է հայտնել բնական աղետի ու հեղեղումների հետևանքով Վենետիկում, մասնավորապես, Սրբ Ղազար կղզում և նրա շրջակայքում ստեղծված իրավիճակի առիթով: Նա հետաքրքրվել է Սրբ Ղազարին, Մայրավանքին ու Մուրադ-Ռաֆայելյան վարժարանին պատճառված վնասներով և հնարավոր աջակցության տարբերակներով:

Վանահայրը Հայաստանի նախագահին մանրամասն տեղեկացրել է իրավիճակի մասին՝ հայտնելով, որ Մայրավանքի շենքն ու շրջակայքը, ինչպես նաև կղզու մոտ կառանած «Արմենիա» առագաստանավը զգալի վնասներ են կրել: Բարեբախտաբար, վանքի մատենադարանը, պատկերասրահը, ձեռագրատունը և դիվանն անվնաս են մնացել: Արդեն իսկ սեփական ուժերով ձեռնամուխ են եղել որոշակի աշխատանքների իրականացմանը:

Իր զորակցությունը հայտնելով Մայրավանքի վանահորը և միաբանակից հայրերին, ում նվիրվածության ու ջանասիրության շնորհիվ այսօր պահպանվում են Սուրբ Ղազար կղզին և Մխիթարյանների ժառանգությունը, նախագահը նշել է, որ Սուրբ Ղազարն այսօր բոլորիս ուշադրության ու հոգածության կարիքն ունի և միասնականորեն պետք է նեցուկ լինենք մեր հոգևոր հարստության ու պատմամշակութային ժառանգության պահպանության գործին:

Հայր Համազասպ վարդապետ Քեշիշյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Արմեն Սարգսյանին հեռախոսազանգի համար՝ նշելով, որ հանրապետության նախագահի մտահոգության ու սրտացավության մեջ զգում և տեսնում են Հայաստանի պետության ու ողջ ժողովրդի աջակցությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am