Ռազմական բժիշկը պատասխանատու է նաև իր զինվորական համազգեստի առաջ. նոյեմբերի 17-ը բուժծառայողի օրն է

Armenpress 14:42, 16 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերում նոյեմբերի 17-ին նշվում է բուժծառայողի օրը, ինչի առթիվ լրագրողներն այցելել էին Երևանի կայազորային հոսպիտալ, որը լավագույններից է հանրապետությունում, թե՛ իր տեխնիկական հագեցվածությամբ և թե՛ բուժանձնակազմով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ՊՆ ԶՈւ ռազմաբժշկական վարչության Երևանի կայազորային հոսպիտալի պետ, բուժծառայության փոխգնդապետ Մհեր Սերոբյանը շնորհավորեց բոլոր ռազմաբժիշկներին և ցանկացավ, որ աշխատեն միայն խաղաղ պայմաններում:

«Առաջին հերթին շնորհավորում եմ ՀՀ և Արցախի սահմանամերձ տարածքներում գտնվող բոլոր ռազմաբժիշկներին: Կարծում եմ, որ անգամ գեներալները չեն փորձի գնալ մարտի դաշտ, եթե իմանան, որ իրենց հետևում չկա ռազմաբժիշկ: Մենք, բացի Հիպոկրատի երդումից, տալիս ենք նաև զինվորական երդում, ինչը կրկնակի մեծացնում է մեր պատասխանատվությունը մեզ մոտ բուժում ստացող ցանկացած հիվանդի նկատմամբ»,- շեշտեց բուժծառայության փոխգնդապետը և սահմանին ծառայող զինվորներին մաղթեց երբեք չհիվանդանալ, որպեսզի բժշկի կարիք չունենան:   

Շրջայցի ընթացքում լրագրողները եղան հոսպիտալի տարբեր բաժանմունքներում: Հոսպիտալում գործում են վիրաբուժության, էնդոսկոպիկ, հատուկ դեպքերի, մաշկավեներական, բանակում եզակի՝ հոգեբուժական բաժանմունքներ:

«Այստեղ բուժում են ստանում ԶՈւ բոլոր զինծառայողները, նրանց ընտանիքի անդամները, ազատամարտիկները: 2019 թվականից սկսած՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամաններով համատեղ մենք կարողանում ենք ընդունել նաև քաղաքացիներին: Այդ ծառայությունները վճարովի են, և նրանք նույնպես կարող են ստացիոնար որակյալ բուժում ստանալ»,- շեշտեց Սերոբյանը:

Նա նշեց նաև, որ իրենց հոսպիտալում կա հանրապետությունում իր տեսակի մեջ միակ ռենտգեն հետազոտություն իրականացնելու համար նախատեսված սարք, որը բազմաֆունկցիոնալ հնարավորություններ ունի:

«Մեր հոսպիտալը հագեցված է անհրաժեշտ բոլոր բուժսարքավորումներով, բավարարում է մեր կառույցի վրա դրված բոլոր պահանջներին»,- ասաց փոխգնդապետը:

Սերոբյանը նաև ընդգծեց, որ ՀՀ պաշտպանության նախարարության և Առողջապահության նախարարության միջև կնքված պայմանագրի համաձայն՝ Երևանի կայազորային հոսպիտալում բուժում կարող է ստանալ նաև ռուսական զորքերի անձնակազմը:

Հոսպիտալին կից գործում է նաև ՀՀ ՊՆ «Կենտրոնական պոլիկլինիկա» պետական հիմնարկը, որի պետ Վահան Ոսկանյանը նույնպես շնորհավորեց բոլոր բուժծառայողներին մասնագիտական տոնի առթիվ:

«Ռազմական բժիշկներին մաղթում եմ առողջություն, տոկունություն և իրենց որոշումներում լինեն հաստատակամ: Բուժծառայողները հանուն Զինված ուժերի առողջության պահպանման իրենց հերթին նույնպես պետք է կարողանան բարձրացնել մեր բանակի մարտունակությունը»,- ընդգծեց Ոսկանյանը և շեշտեց, որ իրենք տալիս են ոչ միայն Հիպոկրատի երդում, այլ նաև զինվորական, ինչը նշանակում է, որ իրենք «պատասխանատու» են իրենց զինվորական համազգեստի առաջ:

Պոլիկլինիկայում շրջայցի ժամանակ ներկայացվեցին մի քանի բժշկական սենյակներ՝ ուլտրաձայնային հետազոտության, ատամնաբուժական, որտեղ ծառայություններ են մատուցվում ոչ միայն զինծառայողներին, այլև նրանց ընտանիքի անդամներին, զինհաշմանդամներին, մարտական գործողությունների մասնակիցներին, զինթոշակառուներին:

«Պոլիկլինիկայում այդ անձանց տրվում է ամբուլատոր բուժօգնություն և անց են կացվում զինծառայողների փորձաքննություններ: Այսինքն՝ այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են անցնել զինվորական ծառայության, իրենց բժշկական փորձագիտական եզրակացությունը տալիս է  Կենտրոնական պոլիկլինիկան»,- ասաց Ոսկանյանը:

Անդրադառնալով պոլիկլինիկայի տեխնիկական հագեցվածությանը, նա նշեց, որ իրենք ունեն անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am