ԱՄՆ սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման արգելափակումը հերթական գործարքի հետևանք է. արևելագետ

Armenpress 12:55, 15 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակ տունը հանրապետական սենատոր Լինսի Գրահամի միջոցով արգելափակեց Հայոց ցեղասպանության ճանաչման թիվ 150 բանաձևի քննարկումը Սենատում՝ հաշվի առնելով Թուրքիայի կարևորությունը ամերիկյան ռազմավարական ծրագրերում Մերձավոր Արևելքում և Սիրիայում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս տեսակետը հայտնեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Արևելագետը սպասում էր, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո կլինեն անդրկուլիսային բանակցություններ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև:

«Այդ անդրկուլիսյան բանակցությունների գագաթնակետը եղավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, որի ժամանակ ներկա է եղել ԱՄՆ հանրապետական սենատոր Լինսի Գրահամը: Այդ հանդիպումից հետո նա արգելափակել է Սենատում շրջանառության մեջ դրված Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին բանաձևը: Այսինքն` ակնհայտ է, որ ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև: Հաշվի առնելով Թուրքիայի կարևորությունը ամերիկյան ռազմավարական ծրագրերում Մերձավոր Արևելքում և Սիրիայում, Սպիտակ տունը սենատոր Գրահամի միջոցով կասեցրեց բանաձևի հետագա ընթացքը: Հերթական անգամ տեղի ունեցավ գործարք ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև, որը խոչընդոտեց պատմական արդարության և բարոյականության վրա հիմնված այս բանաձևի հետագա ընթացքը»,- ընդգծեց Սաֆրաստյանը:

ԱՄՆ սենատոր Լինսի Գրահամն արգելափակել էր Հայոց ցեղասպանության ճանաչման թիվ 150 բանաձևի քննարկումը Սենատում: Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդել են, որ Հարավային Կարոլինա նահանգից ընտրված հանրապետական սենատորն այս քայլին դիմել է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մի խումբ սենատորների հանդիպմանը մասնակցելուց հետո: Գրահամը կարծում է, որ պետք է «զերծ մնալ պատմությունը վերաշարադրելուց»: Նա օգտվել է Սենատում ցանկացած նախագծի ընդունման նկատմամբ  «վետոյի» իր իրավունքից: «Ես հանդիպեցի Թուրքիայի նախագահ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Թրամփի հետ և խոսեցի այն խնդիրների մասին, որոնց մենք բախվում ենք Սիրիայում Թուրքիայի ռազմական ներխուժման պատճառով: Ես լիահույս եմ, որ Թուրքիան և Հայաստանը կարող են միասին լուծել այս խնդիրը»,- հայտարարել էր Գրահամը Սենատի նիստի ընթացքում:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am