Հաստատվեց Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագիրը

Armenpress 21:03, 14 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագիրը: Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը նշեց, որ ջերմատնային տնտեսությունները տնտեսվարողներին հնարավորություն են ընձեռում ամբողջ տարվա ընթացքում, բնակլիմայական պայմանների հետ կապված նվազագույն ռիսկերով, միավոր տարածքից ստանալ կայուն և երաշխավորված բարձր բերք։

«Առաջարկվող փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրումը կխթանի գյուղացիական տնտեսություններին անցնել ցածրարժեքից դեպի բարձրարժեք գյուղատնտեսության, որն իրենից ենթադրում է գյուղատնտեսություն՝ ժամանակակից տեխնոլոգիական պահանջներին համապատասխան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Սիմոնյանը։

Միաժամանակ, ջերմատնային տնտեսությունների վարումը և մրցունակ արտադրանքի ստացումը պահանջում է գիտելիքների իմացություն և ժամանակին համահունչ նորարարությունների կիրառում։ Ծրագրի նպատակն է փոքր և միջին ջերմատների կառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության միջոցով ավելացնել ջերմատնային տնտեսությունների մակերեսն ու արտադրանքի արտադրության ծավալները, բարձրացնել արտադրված արտադրանքի մրցունակության մակարդակը, նպաստել գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը։ Ծրագրի իրականացման 3 տարիների ընթացքում նախատեսվում է արդիական չափորոշիչներով ջերմատնային տնտեսությունների կառուցում՝ շուրջ 35.0 հա ընդհանուր մակերեսով, բերքատվության բարձրացում և ջերմատնային արտադրանքի ծավալների ավելացում՝ տարեկան շուրջ 3600 տոննայով, ինքնարժեքի իջեցում՝ արտադրության արդյունավետության և արտադրողականության բարձրացման հաշվին, տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացում, մրցունակության մակարդակի բարձրացում և այլն: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց ծրագրի իրականացումը և նշեց. «Մեր հայրենակիցներին մենք ասում ենք՝ այս մոդելներով եթե դուք ջերմատուն կառուցեք, մենք ձեր ծախսերի ընդհուպ մինչև 50 տոկոսը կվերադարձնենք կանխիկ գումարով: Այսինքն՝ մարդը, չգիտեմ, վարկ է վերցնում, սեփական միջոցներն է ներդնում, կառուցում է դա համապատասխան չափանիշներով, մենք այդ գումարի 30, ընդհուպ մինչև 50 տոկոսը վերադարձնում ենք: Սա շատ լավ ծրագիր է, և մենք նախկինում էլ այսպիսի ծրագրեր ունեցել ենք»:

Վարչապետը հանձնարարեց ծրագրի մանրամասների վերաբերյալ լայնորեն իրազեկել հանրությանը, շահառուներին: «Մենք այսօր այդ ծրագրերի իրազեկվածության մասով թերակատարումներ ունենք: Ծրագրերն այն ծավալներով չեն իրականացվում, ինչ մենք ակնկալում ենք, և դրա պատճառներից մեկը, ենթադրում եմ, համենայն դեպս, իմ շփումներից, որ մարդիկ ուղղակի տեղյակ չեն»,- ասել է կառավարության ղեկավարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am