Արմեն Գրիգորյանն անդրադարձավ երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի բացահայտմանը

Armenpress 16:18, 14 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրումը սպառնալիք է երեխաների անվտանգության համար: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ի բացահայտմանը։

«Այս և նմանատիպ խնդիրներն ԱԱԾ-ի ու այլ կառույցների օրակարգում են, որոնք փորձում են հասկանալ, թե խնդիրը որտեղից է և ինչպես կարող ենք համակարգային լուծում տալ, որպեսզի նման երևույթներ այլևս չլինեն։ Դրանք, իսկապես, լուրջ սպառնալիք են մարդկանց անվտանգության համար ու երեխաների անվտանգության համար: Սպասենք, ԱԱԾ–ն ավելի ուշ մանրամասն կխոսի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Արմեն Գրիգորյանը։

ԱԱԾ-ն հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ բացահայտվել են օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր։ Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ ՀՀ 2 քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, ՀՀ մի շարք գերատեսչություններում, ինչպես նաև մանկատներում, ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ կազմակերպել են ՀՀ քաղաքացի հանդիսացող 3 տասնյակից ավելի երեխաների որդեգրումները խնամքը ստանձնած Իտալիայի Հանրապետության քաղաքացիների կողմից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am