Կառավարությունն ընդունեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու նախագծերի փաթեթը

Armenpress 16:06, 14 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին և այն անհետաձգելի համարեց: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորների բացառապես կամավոր սկզբունքով վաղ կենսաթոշակի անցնելու կառուցակարգ՝ բոլոր սոցիալական երաշխիքների պահպանմամբ:

Մասնավորապես, առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի կողմից մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում, նրա լիազորությունները դադարելուց հետո, մինչեւ իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նրան հատկացնել կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով:

Այդ իրավունքից չեն կարող օգտվել «Սահմանադրական դատարանի մասին» 2017 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ընտրված Սահմանադրական դատարանի դատավորները: 

Բադասյանի խոսքով՝ 2015 թվականի Սահմանադրությամբ նախատեսված է, որ ՍԴ 9 դատավորները պետք է ընտրվեն ԱԺ-ի կողմից: «Ընդ որում, երեք դատավորի ներկայացնում է կառավարությունը, երեքին՝ ՀՀ նախագահը և երեքին՝ Դատավորների ընդհանուր ժողովը: Ըստ էության, ստացվում է այնպես, որ հնարավոր է՝ առհասարակ կյանքի չկոչվի այս մոդելը, որովհետև ՍԴ-ում պաշտոնավարում են անդամներ, որոնք ընտրվել էին հին կարգով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Բադասյանը: Նա հավելեց, որ մի շարք երկրներում այս պրակտիկան կիրառվել է: Հունգարիայում և Լեհաստանում կիրառվել է վաղ կենսաթոշակի գնալու պարտադիր սխեման, որը քննադատվել է ԵԽ տարբեր մարմինների կողմից, դրա համար Հայաստանը որդեգրել է կամավոր թոշակի գնալու տարբերակը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ըստ Սահմանադրության՝ ՍԴ դատավորների պաշտոնավարման 12 տարի ժամկետ է սահմանված, նախատեսվում է, որ դատարանի նախագահը պետք է ընտրվի ՍԴ անդամների կողմից՝ վեց տարի ժամկետով, ու այս բոլոր դրույթներն արդեն ուժի մեջ են մտնել:

«Այս դրույթներն ամբողջությամբ ուժի մեջ են մտել, բայց այս սահմանադրական փոփոխություններով նախատեսված դրույթները հնարավոր չէ իրականացնել առնվազն մինչեւ 2035 թվականը: Փաստորեն, մի կողմից հեղինակներն ասել են, որ երազանքի Սահմանադրական դատարանի մոդելը գտել ենք, բայց մյուս կողմից գործողություններ են արել, որոնք մինչեւ 2035 թվականը թույլ չեն տալու ունենալ այդ երազանքի Սահմանադրական դատարանը»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նկատեց, որ Հայաստանում տասը տարին մեկ Սահմանադրական փոփոխությունների հարց է բարձրացվում, եւ եթե այդ տրամաբանությամբ գնանք, կարող  է երբեւէ լինի իրավիճակ, որ փոխվեն դրույթները: «Այդ տրամաբանությամբ կստացվի, որ ՀՀ-ում ուժի մեջ մտած սահմանադրական դրույթները չեն կիրառվում, և սա իրավակիրառ պրակտիկայի ամենամեծ աբսուրդներից մեկն է: Հիմա այս օրենքով հնարավորություն ենք տալիս, որ այդ խնդիրը լուծվի»,-ասաց նա եւ նշեց, որ  սրանով հնարավորություն են տալիս, որ մարդիկ աջակցեն իրենք իրենց, իսկ երազանքի դատարանի գործելուն՝ առանց սոցիալական կորուստների:

Վարչապետն ասաց, որ այս հարցը գործընկեր միջազգային կազմակերպությունների հետ քննարկել են եւ այն դեռ պետք է ուղարկել Ազգային ժողովի քննարկմանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am