Զբաղվածության ոլորտում նոր ծրագրեր են իրականացվում

Armenpress 12:26, 14 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր հաստատելու մասին» N 534-Ն որոշման մեջ կատարեց փոփոխություններ և լրացումներ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆիմ Գասպարյանը նշեց, որ որոշմամբ առաջարկվում է ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում, «Գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին մինչև վեց ամիս մնացած աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում» և «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրում» ծրագրերից հանել «առնվազն երեք ամիս գործազուրկի կարգավիճակ» ունենալու պահանջը: 

«Գործազուրկին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրում» ծրագրի տևողությունը սահմանվում է 2 տարի` 3 տարվա փոխարեն: «Գործող ընթացակարգով սահմանված է երեք տարի, չնայած ծրագրի շրջանակում ֆինանսական աջակցություն տրամադրվում է երկու տարիների ընթացքում: Գործազուրկները զգուշանում են երկար ժամկետով պայմանագիր ստորագրել՝ հատկապես, որ ծրագրի արժեքը բավականին բարձր է և վերադարձնելը խնդիր է, արդյունքում, տարածքներում, հեռավոր և սահմանամերձ գյուղերում չեն լրացվում համայնքների համար կարևոր նշանակություն ունեցող ուսուցչի, բժշկի թափուր աշխատատեղերը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Գասպարյանը: 

 Նրա խոսքով՝ «Աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի համար գործատուի մոտ մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագրի շրջանակում պետք է ծրագրի շահառու դիտարկել աշխատաշուկայում անմրցունակ մայրերին` անկախ տարիքից և հանել առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործելու հանգամանքը:

Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության (մանկատան) շրջանավարտներին և սոցիալական դեպքի վարման շրջանակներում սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի) կողմից ներկայացված անձանց նախատեսվում է ճանաչել աշխատաշուկայում անմրցունակ և պետք է հնարավորություն տալ առաջնահերթության կարգով ընդգրկվելու զբաղվածության կարգավորման պետական ծրագրերում: «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրում» ծրագրից բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության (մանկատան) շրջանավարտների համար հանել երաշխավոր ունենալու դրույթը: 

Զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ստացված ֆինանսական միջոցների հետ վերադարձման պայմանը նախատեսվում է հանել: «Նպատակահարմար չէ ֆինանսական միջոցների հետ վերադարձը այս խմբի անձանցից, քանի որ նրանց հետ կնքված պայմանագրերը հիմնականում դադարեցվում են առողջության վատթարացման հիմքերով: Անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ հաշմանդամություն ունեցող անձանց պարագայում զբաղվածության աջակցության ծրագրերն ուղղված են այդ անձանց աշխատանքի և մասնագիտական վերականգնմանը, հասարակության մեջ ինտեգրմանը, այս առումով ծրագրերը ծառայում են այս խմբի համար նախարարության կողմից իրականացվող քաղաքականության հիմնական նպատակին»,- ասաց փոխնախարարը:

«Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում» ծրագրի շրջանակում նախատեսվում է գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռք բերման գործընթացը կազմակերպող մասնագետին ամսական կտրվածքով վճարել գումար` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով: Նման կարգավորում նախատեսված է եղել նաև մինչև 2017թ.:

 «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար դրամական օգնության տրամադրում» ծրագրի շրջանակում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի փոխհատուցումը տրամադրվելու է մեկ տարի` 6 ամսվա փոխարեն, իսկ ուղեկցողի համար հաշմանդամություն ունեցող անձին տրամադրել դրամական օգնություն` ծրագրի իրականացման ամբողջ ժամանակահատվածի համար: Փոխհատուցման կարճ ժամանակահատվածը չի շահագրգռում ծրագրի իրականացման կողմ հանդիսացող գործատուին և աշխատանք փնտրողին; Արդյունքում՝ գրանցվում է ծրագրի ցածր կատարողական: Մինչև 2017 թ. ծրագրի շրջանակում գործատուին աշխատավարձի փոխհատուցում էր տրվում 1-2 տարի տևողությամբ՝ կախված ծրագրում ընդգրկված անձի հաշմանդամության խմբից: Այդ պայմաններով 2016 թ. իրականացվել է 434 ծրագիր՝ նախատեսված 392-ի փոխարեն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց նշված ծրագրերի իրականացումը և հանձնարարեց որոշումների մասին լայնորեն տեղեկացնել շահառուներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am