Ապօրինի սխեմաներում եղած ցանկացած բուժհիմնարկ պատասխանատվության կենթարկվի օրենքի ողջ ուժով. նախարար

Armenpress 11:04, 14 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն արձագանքել է օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի բացահայտմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նախարարը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ օրինականության հաստատումը պետք է լինի բոլոր ոլորտներում և կառավարության ջանքերն այս ուղղությամբ անբեկանելի են:

«Կառավարության ջանքերն այս ուղղությամբ անբեկանելի են հատկապես նման նուրբ և երեխաների իրավունքներին վերաբերող ոլորտում, որտեղ առավել ուշադիր պետք է լինենք երեխայի լավագույն շահը պաշտպանելու համար: Ցանկացած բուժհիմնարկ կամ բուժաշխատող, ով ներգրավված է եղել կամ այսուհետ կլինի նման ապօրինի սխեմաների մեջ պետք է պատասխանատվության ենթարկվի օրենքի ողջ ուժով։ Շնորհակալ եմ ԱԱԾ-ին այս կծիկը քանդելու համար, վստահ եմ ամեն ինչ մինչև վերջ կբացահայտվի»,-նշել է Արսեն Թորոսյանը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ուշադրության կենտրոնում պահելով միջազգային պայմանագրերով և ՀՀ ներպետական օրենքներով ամրագրված երեխաների իրավունքները, ինչպես նաև՝ որդեգրման և ընտանիքի պահպանման բնագավառներում ծնողների և պետության օրինական շահերը պաշտպանելու հարցը, օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am