ՀԲԸՄ և ՀԵԸ պատվիրակությունն այցելել է Սիրիայում ՀՀ հումանիտար առաքելության կենտրոն

Armenpress 21:16, 13 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայկական բարեգործական ընդհանուր միության Սիրիայի շրջանային հանձնաժողովի և Հայ երիտասարդաց ընկերակցության գործադիր մարմնի անդամներն այցելել են Հալեպում տեղակայված ՀՀ հումանիտար առաքելության կենտրոն:  Այցելությունը կազմակերպվել է  Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության կողմից:

Հանդիպման ընթացքում Սիրիայի Արաբական Հանրապետության ՀԲԸՄ ատենապետ Ներսես Ներսոյանը խոսել է սիրիահայ համայնքի առանձնահատուկ դերի մասին՝ նշելով, որ հայերը եղել են և կլինեն սիրիական հասարակության անբաժանելի մասը: Նա անդրադարձել է Սիրիայի մշակույթի, արվեստի, գիտության և կրթության ոլորտներում հայ համայնքի և, մասնավորապես, ՀԲԸՄ ունեցած մեծ ավանդին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնից, Ներսես Ներսոյանը երախտագիտության խոսքեր է փոխանցել ՀԲԸՄ անունից՝ ՀՀ հումանիտար առաքելության խմբի գործունեության վերաբերյալ՝ շեշտելով, որ խմբի մարդասիրական աշխատանքներն արժանացել են Սիրիայի ժողովրդի բարձր գնահատանքին:

Գլխավոր հյուպատոսությունում ՀՀ հումանիտար առաքելության խմբի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանի խոսքով՝ հայրենակիցների նկատմամբ ցուցաբերված մեծ մարդասիրությունը չի մոռացվել աշխարհասփյուռ հայ ժողովրդի կողմից: Նա  նշել է, որ խմբի գործունեությունը Հայաստանի Հանրապետության աջակցությունն է պատերազմական Սիրիային` միտված Սիրիայի ժողովրդի հոգսերի կրճատմանն ու կարիքավոր քաղաքացիներին բժշկական անվճար ծառայություններ տրամադրելուն: Պատվիրակության անդամներն այցելել են խմբի կեցավայր, շփվել հայ մասնագետների հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am