Ոստիկանությունը հայտնում է Արենիին 2 մլն դրամից ավելի վնաս պատճառելու դեպքի բացահայտման մասին

Armenpress 20:21, 13 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոստիկանության Եղեգնաձորի բաժինը նոյեմբերի 6-ին հաղորդում է ստացել, որ գողացել են Արենի և Ռինդ բնակավայրերի միջնամասում գտնվող ու Արենի համայնքին պատկանող խողովակները։ Հափշտակվել է տարբեր տրամաչափի մի քանի հարյուր մետր խողովակ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ըստ քննությանը հայտնի տվյալների՝ համայնքին պատճառվել է 2 միլիոն դրամից ավելի վնաս։

«Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները մի քանի օր տևած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզեցին պետական-հասարակական ունեցվածքի գողության մի շարք հանգամանքներ, որոնց հիման վրա կասկածանքով բաժին բերման ենթարկեցին Երևանի բնակիչ 58-ամյա մի տղամարդու, որը խոստովանական բացատրություն տվեց։

Հետագա միջոցառումներով պարզվեց, որ կասկածյալը խողովակները խոշոր բեռնատար «ԿամԱԶ»-ով տեղափոխել է Գեղարքունիքի մարզ և գողոնի մի մասը մի քանի հարյուր հազար դրամով վաճառել մի ընկերության տնօրենի, մյուս մասը, դարձյալ մի քանի հարյուր հազար դրամով, վաճառել է ջրահեռացման աշխատանքներ կատարող մի տղամարդու։

Քննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am