Հրազդանում գործարկվել է Հայաստանի խոշորագույն արևային էլեկտրակայանը

Armenpress 20:17, 13 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Կոտայքի մարզի Հրազդան համայնքում նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել «ԱրՍան 1-2» (ArSun) խոշորագույն արևային արդյունաբերական կայանի բացման պաշտոնական արարողությունը։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդանշական ժապավենի կտրման և կայանը Հայաստանի էլեկտրական ցանցերին միացնելու արարողությունները իրականացրել են  «ԱրՍան 1-2» կայանների համասեփականատերերը՝ Հայկ Շեկյանը և Կարեն Ղազարյանը։

«Մեր համագործակցությունը հիմնված է դեռ ուսանողական տարիներին ձևավորված վստահության վրա և ունենալու է շարունակական բնույթ։ Մենք պլանավորում ենք նոր արևային կայանների կառուցումը՝ նպատակ ունենալով ավելացնել արևային էներգետիկայի կշիռը Հայաստանի էներգետիկ հաշվեկշռում, նվազեցնելու երկրի էներգետիկ կախվածությունը արտաքին աշխարհից և բարելավելու շրջակա միջավայրը»,- նշել է Կարեն Ղազարյանը:

Կայանի համասեփականատեր, նախագիծն իրագործած՝ «Շտիգեն» (Shtigen) ընկերության տնօրեն Հայկ Շեկյանն ավելացրել է․ «Սա թվով հինգերորդ արդյունաբերական կայանն է, որ մենք թողարկում ենք, և ի հաշիվ մեր կուտակած փորձի, ինչպես նաև լավագույն արտադրողների հետ ունեցած կայուն գործընկերային հարաբերությունների՝ կարողանում ենք ապահովել լավագույն գին-որակ հարաբերակցություն՝ 450$ 1 կՎտ դրվածքային հզորության համար առանց ԱԱՀ»։

Հայաստանում «ԱրՍան 1-2»-ը արտադրողականությամբ, ինչպես նաև վահանակների գումարային հզորությամբ ամենամեծ արևային կայանն է։ Այն տարեկան կարտադրի 3,4ԳՎտժ էլեկտրաէներգիա, կնվազեցնի շրջակա միջավայր աշխաթթու գազի արտազատումը տարեկան 1500 տոննայով։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am