1000х90.jpg (78 KB)

ՊԵԿ ներկայացուցիչները մասնակցել են «Антиконтрафакт–2019» 7-րդ միջազգային համաժողովին

Armenpress 11:18, 13 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում նոյեմբերի 12-ից 13-ն անցկացվել է «Антиконтрафакт–2019» 7-րդ միջազգային համաժողով, որին մասնակցել են նաև Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները:  Համաժողովում քննարկվել են մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության և արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի խնդիրները:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պետական եկամուտների կոմիտեի մասնագետները մասնակցել են «Մտավոր սեփականությունը ԵԱՏՄ-ում․ ապագան առանց կեղծված արտադրանքի» թեմատիկ քննարկումներին: ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության ռիսկերի վերլուծության և կառավարման բաժնի պետ Ռաֆայել Գրիգորյանը համակարգել է «Մաքսային մարմինների դերը և խնդիրները մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության ոլորտում» թեմայով կլոր սեղանի աշխատանքները: Մասնակիցներն անդրադարձել են մաքսային մարմինների և մասնավոր կազմակերպությունների համագործակցության անհրաժեշտությանը և հեռանկարներին՝ մտավոր սեփականության իրավունքների արդյունավետ պաշտպանության և ապրանքների ապօրինի շրջանառությանը հակազդելու նպատակով։ Երկօրյա համաժողովում քննարկվել են նաև մտավոր սեփականության պաշտպանության ոլորտում մաքսային մարմինների առջև ծագող մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղիները:

ՊԵԿ իրավաբանական վարչության մաքսային գործի և մտավոր սեփականության պաշտպանության ընթացակարգերի բաժնի պետ Անդրանիկ Գևորգյանը և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության ռիսկերի վերլուծության և կառավարման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Ռուզաննա Կուսիկյանը ներկայացրել են Հայաստանում մտավոր սեփականության պաշտպանության միջոցներն ապահովող իրավական դաշտն ու դատական պրակտիկան և ՊԵԿ-ի կողմից ռիսկերի կառավարման համակարգի շրջանակում կիրառվող մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության գործիքակազմը, որով ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հաղթող է ճանաչվել Թբիլիսիում կայացած  «GITI 2019» կիբերանվտանգության և ՏՏ նորարարությունների կոնֆերանսի շրջանակներում անցկացված մրցույթում՝ «Լավագույն առցանց տեղեկատվական ռեսուրս» անվանակարգում։

Նշենք, որ «Антиконтрафакт» համաժողովը Եվրասիական տնտեսական միության շրջանակում քննարկումների կարևոր հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում ԵԱՏՄ անդամ պետությունների պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներին, խոշոր կազմակերպությունների ղեկավարներին, միջազգային փորձագետներին, գիտության և հանրության  ներկայացուցիչներին համատեղ քննարկել արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառության, այդ թվում՝  կեղծված արտադրանքի շրջանառության, շուկաների պաշտպանության խնդիրները, ինչպես նաև կառուցողական երկխոսության արդյունքում մշակել համատեղ լուծումներ ընդհանուր քաղաքակիրթ շուկայի ձևավորման համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am