ԱԺ-ն քննարկում է վարույթ իրականացնող մարմինների լիազորությունը հստակեցնող օրինագիծը

Armenpress 11:05, 13 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով հստակեցվում են վարույթ իրականացնող մարմինների լիազորությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը նոյեմբերի 13-ի նիստում ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը:

«Այս նախագծով առաջարկվում է հստակեցնել վարույթ իրականացնող մարմինների լիազորություններն ու հստակ կերպով ընդգծել նրանց գործառութային շրջանակը: Նախատեսվում է, որ դատախազն այլևս օրենսդրական լիազորություն չի ունենալու անձամբ իրականացնելու հարցաքննություն: Նման կարգավորում ներկայումս գոյություն ունի, բայց կրում է զուտ ձևական բնույթ, քանի որ գործնականում այսպես, թե այնպես դատախազը կարող է մասնակցել հարցաքննության գործընթացին, բայց հենց ինքը հարցաքննություն չի իրականացնում»,- ասաց Գալյանը:

Օրենքի նախագծով նախատեսված են նաև այլ կարգավորումներ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am