Առաջին ընթերցմամբ չընդունվեց ԱԺ նախագահին ԱԽ նիստերին մասնակցելու իրավունք տվող օրինագիծը

Armenpress 10:29, 13 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ չընդունեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Կարապետյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկում է խորհրդարանի նախագահին օրենքի ուժով իրավունք տալ մասնակցելու Անվտանգության խորհրդի նիստերին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 13-ին Ազգային ժողովի նիստում «Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ չընդունվեց 66 կողմ, 14 դեմ, 20 ձեռնպահ ձայնով: Հարցի ընդունման համար անհրաժեշտ էր 80 կողմ ձայն:

«Փոփոխություններն ուղղված են խորհրդարանական կառավարման համակարգի տրամաբանությամբ պայմանավորված ԱԺ դերի բարձրացմանը և կարևորության ընդգծմանը: Հայաստանի Հանրապետությունն անցել է խորհրդարանական կառավարման մոդելի, և պետք է կարողանա հավուր պատշաճի խորհրդարանական վերահսկողություն իրականացնել բոլոր ասպեկտներով: Նախագծերի փաթեթով առաջարկվում է ԱԺ նախագահին իրավունք վերապահել մասնակցելու Անվտանգության խորհրդի նիստերին, և առաջարկներ ներկայացնելու օրակարգի ու քննարկվող փաստաթղթերի վերաբերյալ: Նույնաբովանդակ լրացումներ կատարվում են նաև «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքում»,- նշել է օրինագծի հեղինակ Աննա Կարապետյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am