1000х90.jpg (78 KB)

Նախագահն ընդունել է ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահին

Armenpress 17:24, 12 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանին և Chessify ընկերության տնօրեն Գոռ Վարդանյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Chessify ընկերության ղեկավարը նախագահին է ներկայացրել ընկերության գործունեության ուղղություններն ու ծրագրերը՝ նշելով, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերությունը զբաղվում է շախմատի բնագավառում տեխնոլոգիական լուծումների մշակմամբ՝ կիրառելով արհեստական բանականության տարրերը: Ընկերությունն արհեստական բանականության գործիքակազմը նաև այլ ոլորտներում կիրառելու ծրագրեր է մշակում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնության շրջանակում համագործակցության հնարավորություններին: Նախագահ Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված այս նախաձեռնությունը նպատակ ունի միջազգային խոշոր տեխնոլոգիական ընկերություններին բերել Հայաստան, որոնք հայկական ընկերությունների հետ համատեղ ձեռնարկությունների միջոցով գիտահետազոտական և այլ ծրագրեր կիրականացնեն հիմնականում արհեստական բանականության, մաթեմատիկական մոդելավորման ու մեծածավալ տվյալների կառավարման ոլորտներում:

Նշվել է, որ ATOM-ի իրականացումը ոչ միայն կնպաստի մեր երկրի տեխնոլոգիական զարգացմանը, այլև նոր հնարավորություններ կստեղծի վերոնշյալ ոլորտներում գործող տեղական ընկերությունների համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am